Արսեն Թորոսյանն այցելել է Տավուշի մարզ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն այցն սկսել է Բերդի բժշկական կենտրոնից, որտեղ ծանոթացել է բուժհիմնարկում իրականացվող ծառայություններին, արձանագրած ցուցանիշերին, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց խնդիրները, հետաքրքրվել հիվանդների առողջական վիճակով:
Այցելություններ են եղել նաև Բերդի տարածաշրջանի գյուղական բժշկական ամբուլատորիաներ և Արծվաբերդի ու Այգեձորի առողջության կենտրոններ, որտեղ ևս նախարարը ծանոթացել է բուժհիմնարկների առողջապահական խնդիրներին:
Արսեն Թորոսյանի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Տավուշի մարզպետարանն էր, որտեղ նախարարը հանդիպել է Իջևանի տարածաշրջանի բուժհիմնարկների տնօրենների հետ, ովքեր տեղեկություններ են փոխանցել ինչպես իրենց կողմից ղեկավարվող բուժհաստատությունների, այնպես էլ առկա խնդիրների մասին:
Որպես առաջնահերթորեն լուծման ենթակա հարց Իջևանի ԲԿ-ի տնօրենը նշել է, որ հիվանդանոցը շտապօգնության մեքենայի կարիք ունի, քանի որ եղածը չի բավականացնում: Նոյեմբերյանի ԲԿ-ն անհրաժեշտ կադրերի խնդիր ունի, Կողբի բժշկական ամբուլատորիան` աշխատանքային պայմանների բարելավման կարիք: Սևքարի ամբուլատորիայի տնօրենի բարձրացրած հարցը կապված էր դեղորայքի գնումների հետ: Այրումի ամբուլատորիայի տնօրենին հետաքրքրել է բուժքույրերի վերապատրաստման հարցը: Նախարար Թորոսյանը լսել է ներկայացված բոլոր հարցերը, որոշների վերաբերյալ պարզաբանումներ տվել ու ընդգծել, որ բոլոր խնդիրները կուսումնասիրվեն ու կքննարկվեն նախարարությունում և հնարավորությունների ընդլայնմանը զուգընթաց կլուծվեն: