Բաժիններ՝

«Այդ որակի մասնագետ դառնում են տարիների բարեխիղճ աշխատանքի արդյունքում». Ռուբեն Մելիքյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի մասին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Արցախ տեղափոխվելս շուրջ հինգ տարի աշխատել եմ ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես խորհրդական (2007-2012), իսկ 2013թ. նոյեմբերից 2016թ. մայիսը պատիվ եմ ունեցել լինելու դատավորների ամենամյա վերապատրաստման գործառույթ իրականացնող կառույցի՝ Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտորը։ Ու այդ կարգավիճակներում շփվել եմ Հայաստանի ու Արցախի գրեթե բոլոր դատավորների հետ։

Պատիվ եմ ունեցել շփվելու նաև դատավոր Ազարյանի հետ, և արտահայտվեմ ուղիղ. դատավոր Ազարյանը և ևս երկու դատավոր իմ պատկերացրած լավագույն դատավորի կերպարի մարմնացումն են եղել։ Ու կան։

Ես հրապարակային կարծիք չեմ ցանկանում հայտնել այսօրվա որոշման մասին՝ ներկայիս կարգավիճակիցս ելնելով շահարկումների չենթարկվելու նպատակով (հրապարակային աղբյուրների հիման վրա որոշակի մասնագիտական կարծիք ձևավորել եմ)։

Բայց ցանկանում եմ հրապարակային կարծիք հայտնել դատավոր Ազարյանի նկատմամբ վիրավորական գրառումների առթիվ։ Իմացե՛ք, որ վիրավորանք ու լուտանք եք թափում իրավաբանական հանրությունում որպես լավագույններից մեկը ճանաչված դատավորի նկատմամբ։ Այդ որակի մասնագետ դառնում են տարիների բարեխիղճ աշխատանքի արդյունքում։ Ընդ որում, ամենևին ոչ բոլորն են կարող դրան հասնել թեկուզ տարիների բարեխիղճ աշխատանքի արդյունքում։

Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս