
Թուրքիան կշարունակի ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Չավուշօղլու

Թուրքիան կշարունակի Ռուսաստանի հետ իր կապերի հետագա ամրապնդման քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:
«Մենք շարունակում ենք Ռուսաստանի հետ մեր կապերի հետագա ամրապնդման քաղաքականությունը: Մեր քաղաքականությունը բաց է եւ թափանցիկ: Այն նպաստում է ընդհանուր շահերի պաշտպանությանը եւ երկու երկրների համար դրական արդյունքների ձեռքբերմանը: Այդ վստահելի քաղաքականության շրջանակներում մենք ՌԴ-ի հետ հանգիստ քննարկում ենք մեր տարաձայնությունները»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ Անկարայում ելույթ ունենալով թուրք դեսպանների խորհրդաժողովում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 13-ին մեկնել է Անկարա, որտեղ օգոստոսի 14-ին բանակցություններ կանցկացնի իր թուրք գործընկերոջ՝ Մեւլյութ Չավուշօղլուի հետ եւ ելույթ կունենա Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններին առընթեր մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունում:
Նախարարներն ի թիվս այլ հարցերի կքննարկեն համագործակցությունը Սիրիայում եւ տնտեսական կապերի զարգացումը, ինչը հատուկ կարեւորություն է ձեռք բերում Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ բորբոքվող առեւտրական պատերազմի ֆոնին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: