Բաժիններ՝

Շուկաները հանգստացնելու Թուրքիայի ԿԲ-ի փորձերը հաջողությամբ չեն պսակվել

Արժութային ճգնաժամի պայմաններում լուծարունությամբ ապահովելու՝ Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) խոստումը չի կարողացել օժանդակել ֆինանսական շուկաներին. լիրայի փոխարժեքը շարունակում է անկումը, օգոստոսի 13-ին թուրքական ֆոնդային ինդեքսները կտրուկ նվազում են, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Երեւանի ժամանակով 13:00-ին դոլարի նկատմամբ լիրան կորցնում է շուրջ 7 տոկոս, փոխարժեքը կազմում է 6,8666 լիրա:

Լիրայի փոխարժեքը սակարկությունների ընթացքում իջել է մինչեւ հերթական ռեկորդային նվազագույնը՝ 7,2362 լիրա: Այն փոքր-ինչ կրճատել է նվազումը ֆինանսական ընկերությունների օժանդակման միջոցների վերաբերյալ Կենտրոնական բանկի հայտարարումից հետո, սակայն այնուհետեւ վերսկսել է անկումը:

Թուրքիայի BIST National 100 խոշորագույն ընկերությունների ինդեքսը սակարկությունների ընթացքում կորցնում է 3,5 տոկոս: Օգոստոսի 10-ին այն նվազել էր 2,3 տոկոսով:

Bloomberg գործակալության տվյալների համաձայն՝ ընկերությունների միագումար կապիտալացումը լիրայով 2018 թվականի սկզբից նվազել է գրեթե 20 տոկոսով, դոլարով արտահայտված՝ 55 տոկոսով:

Բանկերի բաժնետոմսերն անկման առաջատարներն են BIST National 100-ում, այդ հատվածի ցուցիչն օգոստոսի 13-ին գահավիժել է 3,3 տոկոսով: Լիրայի կտրուկ թուլացումը սաստկացնում է երկյուղները Թուրքիայի ֆինանսական հատվածի դրության վերաբերյալ, գրել է Financial Times թերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս