Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ

Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ- ի շրջանակում համատեղ ծրագրերին։

Անդրադառնալով Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում եվ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին, երկու երկրների պաշտպանության նախարարները կարեւորել են փոխադարձ վստահության եվ համատեղ ռազմավարական դաշնակցային շահերի վրա հիմնված պայմանավորվածությունների հետեւողական կյանքի կոչումը։  Դավիթ Տոնոյանն իր գործընկերոջն է ներկայացրել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ նախիջեւանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։ Իր հերթին, հայկական կողմի խնդրանքով, ՌԴ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում տիրող օպերատիվ եւ հումանիտար իրավիճակը։

Պաշտպանության նախարարը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին տեղում համակողմանի մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու մտադրությունը։ Խոսելով  ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների մասին, ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները կարեւորել են այս ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը։

Հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել նաեւ Համաբանակային խաղերի փայլուն կազմակերպման համար և շնորհավորել ՌԴ ԶՈՒ թիմերի գերազանց ելույթների կապակցությամբ։

Այցի շրջանակում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՌԴ զինված ուժերի զինվորական և ռազմահայրենասիրական «Պատրիոտ» կենտրոնում  և հանդիպել կենտրոնի ներկայացուցիչների՝ Ալեքսանդր Բոչանցևի և Ռազմամարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալստյանի հետ: Մտքեր են փոխանակվել ռազմահայրենասիրական դաստիարակության և առողջ ապրելակերպի գործում երիտասարդների ներգրավման և մասնակցության փորձի  վերաբերյալ: Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել կենտրոնի դերը ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Միխայիլ Գալստյանը կիսվել է ռազմամարտավարական խաղերի զարգացման փորձով և պատրաստակամություն հայտնել օգնելու ՀՀ-ում այս ոլորտի զարգացմանը: Համաձայնություն է ձեռք բերվել երկկողմ համագործակցության վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս