«Այդտեղ ողբերգություն մի տեսեք». Բագրատ Ասատրյան

«Մեր լեռնաարդյունաբերությունն ընդերքից ինչ-որ բան հանել ու վաճառելն է։ Սա արդյունաբերություն չէ, սա ընդերքի կողոպուտ է։ Օրինակ՝ ՀՀ-ն տարեկան արտահանում է մոտ 400 հազար տոննա պղինձ, մենք դրա դիմաց ստանում ենք 350-400 մլն դոլար, մինչդեռ այսօր պղնձի միջազգային գինը 6000 դոլար է՝ մեկ տոննան, այսինքն՝ միայն պղինձը մաքուր եթե վաճառենք, ապա արդյունքը պետք է 6-7 անգամ բարձր լինի։ Մենք չունենք ավելացված արժեք, եթե խորանանք, ուղղակի կրիմինալ է, չեմ ասում՝ չարաշահում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

Նրա խոսքով՝ այսօր պետք է ծրագրեր մշակել. «Մեր ամբողջ գյուղատնտեսությունը պետք է բերենք հարկային դաշտ՝ գիտակցելով, որ այո, գների տեղաշարժ լինելու է։ Որևէ իշխանություն այս խնդիրները պետք է լուծի»։

Ասուլիսի մյուս բանախոս, տնտեսագետ Ատոմ Մարգարյանն էլ ասաց, որ կոռուպցիոն տուրքի լիկվիդացման պրոցեսը դրված է եղել նաև գների մեխանիզմի մեջ. «Եթե բիզնեսն ունի արտոնություն, նա կարող է գների չարաշահման հաշվին ստանալ գերշահույթ։ Եթե այսօր մենք լիկվիդացնում ենք այդ թարախապալարը, կոռուպցիոն տուրքը գների մեխանիզմից հանում ենք, հիմքեր ենք ստեղծում հարկային բեռի իջեցման համար։ Սա օգտակար կլինի և՛ խոշոր բիզնեսի, և՛ ՓՄՁ-ների համար»։

Լրագրողների՝ «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Բագրատ Ասատրյանն ասաց, որ «Հազարամյակների մարտահրավերները» միակը չէ, որով կարող ենք աշխատել. «Այդտեղ ողբերգություն մի տեսեք, մենք աշխատում ենք և պետք է շարունակենք ակտիվ աշխատել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ։ Այսօր մենք պետք է ուղղակի արդյունավետ աշխատենք»։

Ատոմ Մարգարյանն էլ նույն հարցին ի պատասխան՝ ասաց, որ Հայաստանի ՀՆԱ-ն նույնիսկ թերագնահատված է, շնչի հաշվով այն նույնիսկ ավելի բարձր է, և Հայաստանը, ըստ նրա՝ չի կարող շարունակ աղքատ երկրի, ստացողի, խնդրողի կարգավիճակում լինել. «Կան նաև այլ աղբյուրներ, և կարելի է ստանալ գրանտային ֆինանսավորումներ, բայց այդպիսի գումարներ կան նաև մեր երկրի ներսում։ Պարզապես պետք է այս տրանֆորմացիայի փուլն առանց ցնցումների անցնել, և այդ ժամանակ ռեֆորմների համար գումարներ պետք էլ չեն լինելու, պարզապես պրոֆեսիոնալ կադրեր պետք է գան, իրականացվի ինստիտուցիոնալ տրանսֆորմացիա։ Այս պայմաններում հնարավոր է լուծել երկարաժամկետ բարեկեցության խնդիրներ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031