Հայոց ցեղասպանությունը ժխտող պատմաբանը հեռացել է ազգայնական կուսակցության շարքերից

Թուրքիայի ազգայնական նորաստեղծ «İYİ» կուսակցության շարքերը գնալով նոսրանում են։

Նախօրեին հայտնի է դարձել, որ հրաժարական է տվել կուսակցության հիմնադիրներից, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, Հայոց ցեղասպանությունը ժխտող, Յուսուֆ Հալաչօղլուն։

Նրա հետ միասին հեռացել են կուսակցության անդամներ Օզջան Յենիչերին և Նևզեթ Բորը։

Կազմակերպված մամուլի ասուլիսում  վերոնշյալ  անձինք չեն հայտնել, թե ինչ պատճառով են լքում նորաստեղծ կուսակցության շարքերը։  Նրանց խոսքերով,  իրենք որևէ խնդիր չեն ունեցել կուսակցության նախագահ Մերալ Աքշեների հետ։

Նրանք նաև ասել են, որ չեն պատրաստվում որևէ այլ կուսակցության անդամագրվել։

Դրա վերաբերյալ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվել, որ հարգանքով են ընդունում իրենց կուսակիցների որոշումը։

Տեղեկացնենք, որ Հալաչօղլուն, Յենիչերին և Բորը  նախկինում Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության անդամներ էին։ Հայտնի է, որ «İYİ» կուսակցությունը ստեղծվել է նախկին MHP-ականների կողմից։ Անձամբ Աքշեները նույնպես նախկին MHP-ական էր։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ «İYİ» կուսակցության շարքերում առաջացել են տարաձայնություններ։ Կուսակցության անդամների մի մասը դժգոհ էր Աքշեներից։  Հիմնական պատճառը՝ արտահերթ ընտրություններում գրանցած արդյունքերն էին։

Yenicaggazetesi

Տեսանյութեր

Լրահոս