Արտագա՞ղթ, թե՞ ներգաղթ. ինչ ունենք 2018թ. առաջին կիսամյակում
Մի քանի անգամ առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ վերջին շրջանում ցանկացած ցուցանիշ Ֆեյսբուքում դառնում է բուռն քննարկման առարկա։ Նոր իշխանությունների ներկայացուցիչները լավ ցուցանիշներով փորձում են դրական սպասումներ ձևավորել և ցույց տալ, որ նոր կառավարությունը լավ արդյունքներ է ցույց տալիս (տնտեսական ակտիվության աճ, պարտքի նվազում և այլն)։ Մյուս թևը (որոնց սովորաբար անվանում են հակահեղափոխականներ), հակառակը՝ փորձում է մի կողմից՝ գտնել անկումային ցուցանիշներ, մյուս կողմից էլ՝ ապացուցել, որ դրական ցուցանիշներն իրականում ուռճացված են կամ նախկին իշխանության գործունեության արդյունքն է։
Նման ամենաթարմ թեմաներից մեկն էլ արտագաղթի/ներգաղթի թեման էր։ Սոցցանցերի որոշ օգտատերեր պնդում են, որ այս տարվա առաջին ամիսների կտրվածքով Հայաստանում գրանցվել է ներգաղթ՝ ավելի շատ մարդ եկել է Հայաստան, քան գնացել։ Ժամանողների և մեկնողների դրական հաշվեկշիռը վերջին տարիներին աննախադեպ երևույթ է, և այս լուրն ակտիվ տարածողները, ուղղակի կամ անուղղակի կերպով, դա պայմանավորում են Հայաստանում տեղի ունեցող հեղափոխությամբ։ Ընդդիմախոսներն ասում են, որ դրական հաշվեկշռի միտումը սկսվել էր դեռ նախորդ իշխանությունների օրոք, և պետք չէ այն կապել քաղաքական իրողությունների հետ։ Ոմանք էլ ասում են, որ նման բան չկա՝ արտագաղթը շարունակվել է նաև այս տարվա առաջին կիսամյակում։
Իսկ ի՞նչ պատկեր ունենք իրականում։
Նախ՝ սկսենք նրանից, թե ընդհանրապես որտեղի՞ց սկիզբ առավ ներգաղթի մասին այս քննարկումը։ Ըստ երևույթին, առիթը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաշվետվությունն էր, որի համաձայն՝ 2018թ. հունվար-հունիսին օդային ուղևորահոսքի հաշվեկշիռը դրական էր եղել. Հայաստան ժամանածների թիվը 21.4 հազարով գերազանցել էր մեկնողների թվին (2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գործող երկու օդանավակայանների միջոցով Հայաստան է ժամանել 614 178 մարդ, մեկնել՝ 592 774 մարդ)։
Այո, այս թվերը ճիշտ են, և այո՝ վերջին տարիներին կիսամյակի կտրվածքով նման ցուցանիշ չի եղել։ Սակայն դա հիմք չի տալիս խոսել ներգաղթի մասին՝ 2 պատճառով։ Նախ, ինչպես հասկացաք, Քաղավիացիայի տվյալները ներառում են միայն օդային ճանապարհով ուղևորահոսքերը, մինչդեռ մարդիկ տեղաշարժվում են նաև ավտոմոբիլային տրանսպորտով և երկաթուղով։ Ու բացի այդ, այս տվյալները վերաբերում են բոլոր ուղևորներին, և չի առանձնացվում, թե կոնկրետ ՀՀ քաղաքացի հանդիսացող ուղևորների հոսքն ինչ փոփոխություններ է կրել։
Նման տեղեկատվություն, որի հիման վրա հնարավոր է պատկերացում կազմել արտագաղթի կամ ներգաղթի մասին, հրապարակում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն՝ եռամսյակը մեկ։ Մասնավորապես, «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-հունիսին» զեկույցում կա «Ժողովրդագրական իրավիճակը» կոչվող բաժին։ Այդտեղ ներկայացված են ՀՀ սահմանային գրանցումները՝ ըստ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի (ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների հիման վրա)։
Ավելին, այդ զեկույցում ներկայացված է թե՛ ՀՀ ժամանած և ՀՀ-ից մեկնած մարդկանց ընդհանուր թիվը, թե՛ ՀՀ քաղաքացիներինը (ՀՀ փաստաթղթերով մարդկանց) վիճակագրությունը՝ առանձին։ Ցանկացողները կարող են առավել մանրամասն ծանոթանալ այդ թվերին՝ հետևյալ հղումով։
Ահա այս տվյալների հիման վրա մենք կազմել ենք գծապատկերը, որը դուք տեսնում եք։
Որքան էլ ներգաղթի մասին տեղեկությունները հաճելի են, պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակում ներգաղթ չկա։ Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 50.8 հազարով ավելի շատ է եղել, քան ՀՀ մուտք գործածներինը (մուտքեր՝ 788 249, ելքեր՝ 839 045)։
Ընդ որում, եթե անգամ այս վիճակագրությունը հրապարակված չլիներ, այլ տվյալներ համադրելով՝ կարելի էր հասկանալ, որ ներգաղթ չի եղել։ Բանն այն է, որ առաջին կիսամյակում ունենք բնական հավելաճ՝ մոտ 3000 մարդ (ծնվածների թիվը գերազանցել է մահացածների թվին), ու միևնույն ժամանակ՝ ՀՀ մշտական բնակչության թվի նվազում։ Հասկանալի է, որ դա միգրացիայի արդյունք է։
Ավելին ասենք, համադրելով այս տարվա առաջին եռամսյակի և առաջին կիսամյակի տվյալները՝ մենք հաշվարկել ենք նաև միայն երկրորդ եռամսյակի շարժը (ապրիլ-հունիս ժամանակահատվածի համար)։ Պատկերն այսպիսին է՝ 2018 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստան մուտք են գործել 400 772 ՀՀ քաղաքացիներ, Հայաստանից դուրս են եկել 448 873 քաղաքացիներ։ Այսինքն՝ միայն երկրորդ եռամսյակում ունենք 48.1 հազար բացասական հաշվեկշիռ։
Սակայն սա չի նշանակում, թե ամեն ինչ վատ է։ Եթե համեմատության մեջ ենք նայում, տեսնում ենք, որ բացասական հաշվեկշիռը նվազել է։ Այսպես, եթե 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 75.6 հազարով ավելի շատ էր եկածների թվից, ապա այս տարվա առաջին կիսամյակում այդ տարբերությունը նվազել է մինչև 48.1 հազար։ Այսինքն, կիսամյակի կտրվածքով ներգաղթ չկա, սակայն կա արտագաղթի նվազում, ինչը նույնպես դրական զարգացում է։
Հատուկ ընդգծենք, որ այս համատեքստում «ներգաղթ» և «արտագաղթ» ասելն էլ խիստ պայմանական է։ Որովհետև ներգաղթը կամ արտագաղթը գնահատելու համար պետք է ունենալ ճշգրիտ տեղեկատվություն, թե Հայաստան մուտք գործած ՀՀ քաղաքացիների ո՞ր մասն է մշտապես արտերկրում բնակվում և ո՞ր մասն է ընդմիշտ Հայաստանում հաստատվել ցանկանում։ Կամ՝ Հայաստանից մեկնածներն ի՞նչ նպատակով են մեկնել՝ մշտական բնակությա՞ն, թե՞ ժամանակավոր այցով։ Բացի այդ, ՀՀ բնակչության միգրացիան ունի սեզոնային բնույթ՝ տարվա ընթացքում մեկնողների թիվն աճում է, տարեվերջին, հակառակը՝ ներհոսքն է մեծանում։ Դրա համար, կիսամյակի կտրվածքով դատողություններ անելը ներգաղթի կամ արտագաղթի մասին այնքան էլ ճիշտ չէ։
Իսկ միգրացիայի ընթացիկ ցուցանիշները քաղաքական իրողություններով կամ այլ գործոններով պայմանավորելը տրամաբանական է, սակայն այդ մասին խոսելը դեռ վաղ է։