
Փարիզում գործադուլի պատճառով երկրորդ օրն է՝ փակ է Էյֆելյան աշտարակը

Էյֆելյան աշտարակը երկրորդ օրն անընդմեջ այցելուների համար փակ է անձնակազմի գործադուլի պատճառով: Այդ մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով աշտարակի SETE օպերատոր-ընկերությանը:
«Անձնակազմի մի մասի գործադուլը մինչ այժմ շարունակվում է»,-ասված է ընկերության՝ օգոստոսի 2-ին հրապարակված հայտարարության մեջ:
Աշտարակը փակվել է օգոստոսի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին: Էյֆելյան աշտարակի ղեկավարության եւ անձնակազմի արհմիությունների միջեւ տարաձայնությունների պատճառ են դարձել տեսարժան վայր այցելության պայմանները:
Մասնավորապես, դա կապված է այցելության որոշակի ժամանակի համար տոմսերի նախնական վաճառքի ավելացման հետ, ինչի արդյունքում աշտարակի մուտքի մոտ այն մարդկանց հսկայական հերթեր են գոյանում, որոնք տոմսերը սովորական հերթի կարգով գնում են այցելության օրը:
SETE-ում նշել են, որ արհմիությունների հետ բանակցությունները շարունակվում են, առաջարկվել է կողմերի փոխզիջումային համաձայնության տեքստ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: