«Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը սահմանափակելու մեր հնարավորությունները միայն քաղաքական են, իրավական մեխանիզմներ չկան». Բալայան

«Հայկական կողմը շարունակում է աշխատանքներն Ադրբեջանի տարածքում չպարզված հանգամանքներում հայտնված ՀՀ քաղաքացու հարցի ուղղությամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացու ճակատագրին:

Բալայանը տեղեկացրեց, որ արդեն 2 շաբաթից ավելի է, ինչ չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի ճակատագրից ոչ մի տեղեկություն չկա:

Նրա արձանագրմամբ, Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության Ժնևի կոնվենցիայի 106-րդ հոդվածը, մինչ այսօր չի թույլատրել Կարմիր խաչի աշխատակիիցներին այցելել նրան: «Այս առնչությամբ հատուկ հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը, սույն հարցը մեր ուշադրության կենտրոնում է, աշխատանքները շարունակվում են»,- ասաց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը:

Բալայանը տեղեկացրեց, որ Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը, ինչը կարող է ծառայել՝ որպես զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ: «Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը բազմիցս դիմել է Կասպրչիկին նման դիտարկում անելու առաջարկությամբ: Սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպման համար: Հայկական կողմը շարունակում է հետամուտ լինել այս հարցում»:

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը տեղեկացրեց, որ շարունակում են նաև հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին: Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմն այդ հարցը, երկկողմ խողովակներից բացի, բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան գալիք տարում նախագահելու է այդ կազմակերպությունում:

Հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱՊԿ անդամ երկու երկրներ` Ռուսաստանն ու Բելառուսը, սպառազինություն են վաճառում Ադրբեջանին, ՀՀ նոր իշխանություններն այս առնչությամբ ի՞նչ են փոխել իրենց քաղաքականությունում, Բալայանը պատասխանեց, որ վարչապետն անձամբ էր անդրադարձել այդ հարցին՝ ասելով, որ Բելառուսի ղեկավարի հետ հանդիպմանը հարցը բարձրացրել է և ինչպիսի արձագանք է ստացել:

«Հրապարակային է եղել` նոր իշխանությույնները, հին իշխանությունները բարձրաձայնել են այս հարցը և մեր ռուս գործընկերների առջև, և բելառուս գործընկերների: Մեր դիրքորոշումը կայանում է հետևյալում` չկենտրոնանաք մեկ երկրից մատակարարումների վրա, օրինակ` Սլովակիայից մատակարարումները կոնկրետ օրենքի խախտում են, գործող միջազգային օրենքի խախտում են: Երբ տրված է վերջնական օգտագործողի սերտիֆիկատը մեկ երկրի համար, բայց բոլորը փայլուն գիտեն, որ այդ զենքը հայտնվում է մեկ այլ երկրում, և այն երկրում, որտեղ հայտնվում է այդ զենքը, գլուխ են գովում, որ տեսեք՝ մենք զարտուղի ճանապարհներով զենք ենք բերել: Սա արդեն համապատասխան երկրների, կոնկրետ Սլովակիայի քրեական օրենսգրում քրեական հոդվածներ է նախատեսում:

Ինչ վերաբերում է այլ երկրներից մատակարարումներին, եթե դրանք օրենքի շրջանակում են, մեր հնարավորությունները դրանք սահմանափակելու միայն քաղաքական են, իրավական որևէ մեխանիզմ ազդելու մենք չունենք:

Մենք վերահաստատում ենք մեր այն պնդումը, որ խնդրահարույց է ցանկացած մահաբեր սպառազինության մատակարարումն Ադրբեջանին՝ հաշվի առնելով Ադրբեջանի անկանխատեսելի արտաքին քաղաքականությունը, հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը, որ այդ զենքը կարող է օգտագործվել ոչ միայն պոտենցիալ արտաքին հակառակորդի դեմ, այլև բնակչության դեմ»,- նման դիտարկում արեց Տիգրան Բալայանը:

Տեսանյութեր

Լրահոս