Խաչատուրովի փոխարինման հարցով ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ. Բալայան

«ՀՀ քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ գլխավոր քարտուղարը 2008 թվականի Մարտի 1-ի գործին մեղադրյալի կարգավիճակով ներգրավելուց հետո հայկական կողմը դիմեց ՀԱՊԿ գործընկերներին նրա փոխարինման գործընթացը սկսելու նպատակով:

Սակայն ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով իր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին, գրեց, որ Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է որակում Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու ՀՀ ԱԳՆ հայտարարությունը:

«Եթե Երևանում որոշել են, որ պարոն Խաչատուրովն իրենց ձեռնտու չէ այդ պաշտոնում, ապա Հայաստանից ՀԱՊԿ-ին պետք է համապատասխան գրավոր ծանուցում ուղարկվի, և միայն դրանից հետո կսկսվի պաշտոնական գործընթացը, և ոչ թե՝ «գլխավոր քարտուղարի փոխարինման», այլ նրա իրավասությունների դադարեցման»,- նման դիտարկում էր արել գործակալության աղբյուրը:

Տիգրան Բալայանն ասաց, որ ինչպես նշել էին շաբաթ օրը ՀՀ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ, հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին սկսելու գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը:

«Այս առնչությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ»,-ասաց Բալայանը:

Նա հստակեցրեց, որ Յուրի Խաչատուրովը դեռ գլխավոր քարտուղար է:

«Քանի դեռ ՀԱՊԿ խորհուրդը որոշում չի կայացրել նրան փոխարինելու վերաբերյալ, նա մնալու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Գործընթացը, որը մենք առաջարկել ենք սկսել, քննարկումները, որոնք ընթանում են, չի նշանակում, որ նա ազատված է այդ պաշտոնից: Նա դեռ շարունակում է հանդիսանալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Ինչ վերաբերում է տեսական հնարավորություններին նրան կփոխարինի Հայաստանի ներկայացուցիչը, ինչ կլինի դրանից հետո, պարզ է, որ նրան ինչ որ մեկը պետք է փոխարինի: Մենք ունենք մի իրավիճակ մինչև 2017 թվականի մայիսի 2-ը, երբ նախորդ գլխավոր քարտուղարի լիազորությունները սպառվել էին 2016 թվականի դեկտեմբերի 31-ին և մինչև նորի նշանակումը պարտականություններն իրականացնում էր առաջին տեղակալը»,- ասաց Բալայանը:

Նրա խոսքով, թե ով կփոխարինի, ինչպես կփոխարինի և ինչ ժամանակահատվածում դա տեղի կունենա քննարկումների միջոցով և կոնսենսուսով կայացվելիք որոշման հարց է:

Տեսանյութեր

Լրահոս