Բաժիններ՝

ԱՄՆ-ի օդերևութաբանական արբանյակը տեսագրել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները

ԱՄՆ-ի՝ Օվկիանոսների եւ մթնոլորտի հետազոտության ազգային վարչությունը (NOAA) հուլիսի 30-ին ցուցադրել է, թե Երկրի ուղեծրից ինչ տեսք ունեն բնական հրդեհները Կալիֆոռնիայի նահանգում՝ Twitter-ում զետեղելով համապատասխան տեսանյութը: NOAA-ի տվյալներով՝ «այս շաբաթ տապի վտանգավոր ալիքը» կարող է բարդացնել իրավիճակը։

Անտառահանդակների պաշտպանության եւ հակահրդեհային պահպանության վարչությունը հուլիսի 30-ին նախազգուշացրել է աղետի գոտում էքստրեմալ պայմանների մասին: Ինչպես նշում են գերատեսչությունում, «քամու ուղղության մշտական փոփոխությունը» եւ երաշտն իրենց «լուման են ներդնում» կրակի «սրընթաց տարածման գործում»:

Վարչության տվյալների համաձայն՝ նահանգում ամենախոշոր ութ հրդեհներից մեկը, որը մոլեգնում է Շասթայի օկրուգում, ընդգրկել է 330,2 քառակուսի կիլոմետր տարածք: Այն հաջողվել է տեղափակել 20 տոկոսով՝ հուլիսի 29-ի 5 տոկոսի համեմատությամբ: Արդեն մեկ շաբաթվա ընթացքում Շասթայում մոլեգնող կրակի պատճառով տարահանվել է գրեթե 40 հազար մարդ:

Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհները կարող են հասցնել ավելի քան 100 միլիոն դոլար գումարի վնաս: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Aon Benfield ապահովագրական ընկերությունը: Հրդեհն արդեն ոչնչացրել է 723 շենք եւ սպառնում Է եւս առնվազն 5 հազար շինությունների: Տարերքի հետեւանքով զոհվել է վեց մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս