«Չենք հասկանում կոնկրետ արարքը կամ գործողությունների համախումբը, որ պաշտպանական ռազմավարություն մշակենք». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

«Մարտի 1-ի և մնացած նման գործերի չբացահայտումը խնդիրներ է առաջացնում երկրի համար»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արման Օրբելյանը:

Ըստ նրա՝ ՀՔԾ փաստաթղթերի մեջ պատճառահետևանքային կապը հասկանալի չէ, մարդը ոչ թե ընդհանուր գաղափարական պետք է մեղադրվի, այլ կոնկրետ գործողությունների համար: Նա նշեց, որ չեն հասկանում՝ Քոչարյանն արտակարգ դրությա՞ն համար է մեղադրվում, հրամանի՞, թե՞ խորհրդակցությա՞ն. «Չենք հասկանում կոնկրետ արարքը կամ գործողությունների համախումբը, որ պաշտպանական ռազմավարություն մշակենք»:

Ա. Օրբելյանը «բավականին տարօրինակ» անվանեց իմունիտետի չկիրառման հարցը:

Ըստ նրա՝ եթե անձը չի կատարել հանցագործություն, իմունիտետի անհրաժեշտություն չկա: Պաշտպանի խոսքով՝ Քոչարյանի գործողությունները բխել են պաշտոնեական լիազորություններից, իսկ մեկնաբանությունները, որ չեն բխել իր լիազորություններից, ճիշտ չեն:

Ա.Օրբելյանի խոսքով՝ ՀՀ Սահմանադրությամբ նախագահին շնորհված անձեռնմխելիությունն իր ձևակերպմամբ համարժեք է միջազգային իրավունքին հայտնի «ֆունկցիոնալ անձեռնմխելիության» ձևակերպմանը:

Ըստ նրա՝ միջազգային իրավական հարթակում միանշանակ է, որ պաշտոնական կարգավիճակից բխող անձեռնմխելիությունը կիրառվում է անկախ տվյալ պետության օրենսդրության իմաստով խնդրո առարկա արարքների օրինականությունից, այդպիսով՝ անձեռնմխելիությունը վերաբերում է ինչպես լիազորությունների սահմանազանցմամբ կատարված, այնպես էլ այլ բնույթի հակաօրինական արարքներին, և միակ էական հանգամանքն այն է, որ այդ գործողություններն իրականացնելիս պաշտոնատար անձը գործի իր հանրային իշխանությունից ելնելով, այլ ոչ որպես մասնավոր անձ:

Ընդ որում՝ միջազգային իրավական հարթակում անձը շարունակում է պաշտպանված մնալ կարգավիճակից բխող գործողությունների համար նույնիսկ պաշտոնավարման ժամկետից հետո, ինչը նաև ուղղակիորեն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:

Նա նշեց, որ դիվանագետների և անձեռնմխելիություն ունեցող անձանց հանդեպ գործը ոչ թե պետք է սկսվի, այլ պետք է չսկսվի, իսկ այս դեպքում գործը պետք է սկսվեր այլ անձանց նկատմամբ, իսկ Քոչարյանը պետք է որպես վկա ներգրավվեր:

168.am-ի հարցին, եթե մեղադրանքի հիմքերը կասկածելի են, կկարողանա՞ք հեշտությամբ արդարացնել Քոչարյանին, Ա. Օրբելյանը պատասխանեց. «Ե՛վ այո, և՛ ոչ»:

Նա պարզաբանեց, որ եթե հետագա գործընթացները շարունակվեն այնպես, ինչպես մինչ այժմ, դա դժվար կլինի: Ամեն դեպքում, ինչպես նշեց պաշտպանը, ինքն արդարացման հույս ունի:

Սակայն Քոչարյանի մյուս պաշտպան Ռուբեն Սահակյանը չհամաձայնեց գործընկերոջ հետ: «Շատ դժվար կլինի արդարացնել: Ակնհայտ արդարացնող ապացույցները, փաստերն ուղղակի չեն ընդունվելու»,- հայտարարեց նա:

«Մի դեպքում հեշտ կլինի՝ եթե միջամտի ՀՀ վարչապետն ու գլխավոր դատախազին հանձնարարի վերահսկել»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս