Բաժիններ՝

Հայաստանում հեպատիտ Ա-ով հիվանդացության եզակի դեպքեր են արձանագրվում

Հայաստանը հեպատիտ Ա-ի առումով համարվում է ցածր տարածվածության երկիր: Այս մասին առողջապահության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը:

Նրա խոսքով՝ հեպատիտ Ա-ն ունի սեզոնականություն: «Մոտ 20 տարի առաջ Հայաստանը հեպատիտ Ա-ի տեսակետից համարվում էր բարձր էնդեմիկ երկիր, այսօր այն ընդամենը աղիքային ինֆեկցիա է համարվում և կապված է հիգիենիկ պայմանների հետ»,-ասաց նա:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանն էլ հավելեց, որ հեպատիտ Ա-ի կանխարգելման գործում մեծ խթան հանդիսացան դրա դեմ իրականացվող պատվաստումները: «Մենք այսօր հեպատիտ Ա-ի հետ կապված խնդիրներ չունենք»,-հավելեց բանախոսը:

Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակում Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում իրականացվում են ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման գործընթացը, վիրուսային հեպատիտների համաճարակաբանական հսկողության համակարգի, լաբորատոր հսկողության համակարգի, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ:

Ամեն տարի հուլիսի 28-ը` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965 թ.) Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա, նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Նպատակը` խորացնել վիրուսային հեպատիտների, վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ բնակչության գիտելիքները: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա 2018 թվականի կարգախոսն է «Հայտնաբերել և բուժել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս