
«Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի արհմիությունները գրեթե միշտ ձեռնպահ են մնում աշխատողների շահերի պաշտպանության համար դատարան դիմելուց». նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մի քանի դիտարկումներ է ներկայացրել «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում միաձայն հավանության էր արժանացել «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
«Որպես կանոն, արհեստակցական միությունները ստեղծվում են տվյալ գործատուի աշխատող անձանց կողմից: Որպես արհմիության անդամ, ինչպես նաև որպես գործատուի աշխատող, արհեստակցական միության ընտրովի պաշտոններում ընդգրկված անձինք, փաստորեն, կաշկանդված են լինում գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների փաստով:
Բացի այդ, տեղական մակարդակում գործող արհմիությունների բյուջեն համալրվում է գլխավորապես գործատուի կողմից արվող հատկացումներով, ինչն արհմիությունն անվիճելիորեն կախվածության մեջ է դնում գործատուից: Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի արհմիությունները գրեթե միշտ ձեռնպահ են մնում աշխատողների շահերի պաշտպանության համար դատարան դիմելուց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանե Թանդիլյանը:
Նոր նախագծով առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու և դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի լինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար:
Նա տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսում են անցկացնել արհմիությունների օրենքի թերություններին նվիրված համաժողով շահագրգիռ գործընկերների մասնակցությամբ։