Մտահոգիչ հարց. արդյոք ԱԱԾ-ն գործում է օրենքի սահմաններում, իրական գո՞րծ է արվում, թե այս ամենը շոու է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո շատերն են փորձում հասկանալ, թե ինչ հիմնարար փոփոխություններ են կատարվել մեր արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ, կոռուպցիոն բացահայտումները որքանով են ծառայելու իրենց նպատակին՝ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելուն, դրա համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Որքանո՞վ է ազատ, մրցակցային դաշտ ստեղծվելու քաղաքական կուսակցությունների կայացման համար, որոնց առաջին փորձությունը լինելու է առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելը։
Մեր հարցերին պատասխանում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Թավշյա հեղափոխությունից հետո մենք ականատես ենք կոռուպցիոն բազմաթիվ բացահայտումների, հանրության ուշադրության կենտրոնում ԱԱԾ-ն է։ Կա տեսակետ, որ ԱԱԾ-ին ֆետիշացնում են։ Նկատի ունենանք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հավակնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին։ ԱԱԾ-ն ժամանակի ընթացքում չի՞ վերածվի ներքաղաքական կյանքում գլխավոր դերակատարի։
Ինձ ավելի շատ մտահոգում է այն հարցը՝ արդյո՞ք ԱԱԾ-ն գործում է օրենքի սահմաններում, թե՞ ոչ։ Արդյոք իրակա՞ն գործ է արվում, թե՞ այս ամենը շոու է։ Միանշանակ է, որ պոպուլիզմի տարրերը շատ են, հեղափոխությունից հետո պոպուլիզմը շարունակվում է Հայաստանում, կառավարության հիմնական քաղաքականությունը հիմնվում է պոպուլիզմի վրա։ Սակայն կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե ԱԱԾ-ի գործն է, այլ հստակ օրակարգ է։ Կառավարությունը պետք է ձեւավորի քաղաքական օրակարգ։ Եվ քանի որ դա չկա, հանրությունը տեսնում է գործողություններ։ Եվ դա կշարունակվի մինչեւ ընտրությունները, քանի որ հիմնական խնդիրը ձայներ ստանալն է, իսկ պոպուլիզմն իր դերը կատարելու է այդ դեպքում։ Այնպես որ՝ մինչեւ ընտրությունները մենք կտեսնենք նման շոուներ։ Այլ հարց է՝ մենք կտեսնե՞նք իրական քաղաքականություն, որը երկրի զարգացման հիմքը կդնի։ Այս պահին ես դա չեմ տեսնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: