Բաժիններ՝

Տեղ հասանք

Հայտնի առածի համաձայն՝ երբ չտեսի ձեռքը տղա է ընկնում, այնքան է քաշքշում, որ պոկում է: Այս առածը ճշգրտորեն արձանագրում է մեր ու Սևանա լճի հարաբերությունները: Խորհրդային Հայաստանում լիճը մոտ 40 տարի անխիղճ շահագործվում էր կոմունիզմ կառուցելու նպատակով:

Հետո, երբ պարզվեց, որ կոմունիզմը չի կառուցվելու, մոդայիկ դարձան լիճը փրկելու լոզունգները: Դրանցից ամենահայտնին «Որ թեթևանա հոգսը Սևանի» լոզունգն էր: Անկախության շրջանում մենք նույնությամբ կրկնեցինք բոլշևիկյան 70-ամյա «փորձ ու գործը»: 90-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին լիճն անխնա շահագործվում էր հոսանք արտադրելու և Արարատյան դաշտավայրը ոռոգելու նպատակով: Հետո, երբ էներգետիկ ճգնաժամը հաղթահարվել էր, սեփականաշնորհման ու անզուսպ կառուցապատման ճիրաններում հայտնվեցին լճի լողափերը:

Այնուհետև եկավ «Որ թեթևանա հոգսը Սևանի» լոզունգի ետխորհրդային շրջանը: Սևանի հոգսը թեթևացնելու վեհ ձգտումով մենք 2001թ. հատուկ օրենք ընդունեցինք «Սևանա լճի մասին»: Հաջորդ տարում` 2002թ., ընդունեցինք օրենքի առաջին լրացումը: 10 տարի անց՝ 2012թ.` երկրորդ լրացումը: Թող ոչ մեկի մոտ կասկած չառաջանա, թե մենք ընդամենը երեք անգամ ենք օրենքի մակարդակում քննարկել Սևանա լճի դարդերը: Նույն` հեռավոր 2001թ., ընդունվել է նաև լճին վերաբերող երկրորդ օրենքը:

Շատ երկար, տարօրինակության աստիճանի երկար ու նույնքան անհասկանալի վերնագրով: Փորձեք մի շնչով կարդալ` ՀՀ օրենք «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր օգտագործման համալիր ծրագիրը հաստատելու մասին»: (Եթե ստացվեց, ուրեմն կարող եք առաջադրվել հաջորդ ԱԺ ընտրություններում: Հաստատ պատգամավոր կդառնաք): Այս երկարանուն օրենքը մի քանի տարի մոռացության մատնվելուց հետո՝ 2008թ. երկու լրացում ունեցավ: Ապա մեկական լրացումներ կատարվեցին 2012, 2014 և 2017 թվականներին: Ամեն լրացումով փոփոխվում էր լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն ծավալը:

Օրինակ, 2012թ. առավելագույն չափ է սահմանվել 320 մլն խորանարդ մետրը, 2014-ին` 270 մլն-ը, 2017թ.`170 մլն-ը: Թե ինչո՞ւ է միայն նշված տարիներին ջրի բացթողնման առավելագույն ծավալ սահմանվել օրենքով՝ դժվար է ասել: Փոխարենը՝ գիտեք, որ կառավարությունն իր օրենսդիր ու գործադիր թևերով Սևանա լիճը

մշտապես պահել է հայրական հոգածության ներքո: Թե՛ նախկինում, թե՛ հիմա: Նախկինում Սևանա լճով ու նույնանուն ազգային պարկով շատ պետական կառույցներ էին զբաղված: Միայն մամուլն էր պարբերաբար արձանագրում, որ լիճն իր հարակից տարածքներով վերածվել է աղբանոցի: Մամուլում, օրինակ, տվյալներ կարելի է գտնել, որ Սևան քաղաքում 2012 թվականից մեկ շնչի հաշվով աղբահանության վճարի չափը 200 դրամ է: Նույն մամուլի տվյալներով՝ այդ տարածաշրջանում աղբահանության վարձը ֆիզիկական անձինք (իմա` բնակչությունը) վճարում է մոտ 84 տոկոս: Իսկ տարածքում գործող իրավաբանական անձինք (իմա` մեծահարուստ ու պաշտոնատար անձանց առևտրային օբյեկտները) մուծում են նախատեսվածի 78 տոկոսի չափով:

Այն, որ Սևանա լիճը շարունակում է մնալ մեր իշխանությունների հետաքրքրության ոլորտում, կրկին մամուլն է ապացուցում: Նախ՝ օրեր առաջ հրապարակվեց տեղեկատվություն այն մասին, որ լիճը ծաղկում է: Այս պնդումն ինձ չզարմացրեց: Մայիս ամսին ինքս եմ նավակով մի քանի ժամ դիտել լճի աղտոտ ու ջրիմուռախեղդ հատակը: Լճի թե՛ ափերը, թե՛ հատակի այն հատվածը, որ կարելի էր զննել, աղբակույտերի մեջ էին: Լճի հատակին հայտնված պլաստիկ շշերի ու տոպրակների քանակն անհավանական շատ էր: Դեպի Գավառ տանող ավտոմայրուղու հարևանությամբ լճի հատակն ամենաանմխիթար վիճակում էր: Ուստի ինձ համար լճի ծաղկելու մասին հայտարարությունն անսպասելի չէր:

Բայց լճի խնդիրներին արդեն Առողջապահության նախարարությունն անդրադառնալով «Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալուն, կամ «ծաղկելու» խնդրին`  քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց»: Հետո կոչ է անում նման վայրերում լողալուց հետո սրտխառնոցի, մկանային ու հոդերի ցավի ու բազմաթիվ այլ ախտանիշների ի հայտ գալու դեպքում դիմել բժշկի: Այսուհետ չծխելու հորդորին զուգահեռ՝ Առողջապահության նախարարությունը չի  խրախուսի Սևանա լճում լողալը: Փաստորեն, կարելի է ասել՝ տեղ հասանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս