«Որևէ հայտարարություն չի կարող «Հիմնադիր խորհրդարանի» պառակտման հիմք հանդիսանալ». Գևորգ Սաֆարյանը՝ Պավլիկ Մանուկյանի հայտարարության մասին

«Մենք մասնակցելու ենք առաջիկա ընտրություններին ու հայտարարություն ենք տարածել, որ կուսակցություն ենք հիմնելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը։

Նա ասաց, որ դեռևս հստակ չէ՝ իրենք մենա՞կ, թե՞ այլ ուժերի հետ են մասնակցելու ընտրություններին։

Գ. Սաֆարյանի խոսքով՝ անցել են այն ժամանակները, որ աթոռը կամ պաշտոնն այլևս գումար աշխատելու համար է. «Հիմա դա բեռ է։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր ձգտում են դրան, նրանք ձգտում են պետական բեռը վերցնել իրենց վրա։ Մենք որևէ ձգտում չունենք աթոռ վերցնելու, մենք գալիս ենք այդ պետական բեռը վերցնելու»։

Նրա դիտարկմամբ՝ իրենք «Սասնա ծռերի» հետ մեկ մարմին են, բայց չեն ցանկանում մեկնաբանել նրանց՝ դատարանում արած հայտարարությունները։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Պավլիկ Մանուկյանի վերջին աղմկահարույց հայտարարությանը, որ պատահական կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, ում մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը, իսկ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը։

Կարդացեք նաև

«Հուսով ենք՝ բոլորը շուտով կլինեն ազատության մեջ, ու դուք ինքներդ հնարավորություն կունենաք այդ հարցերն իրենց տալ»,- նշեց Գ. Սաֆարյանը։

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ այդ հայտարարությունը կարող է պառակտման հիմք հանդիսանալ, Գ. Սաֆարյանը պատասխանեց, որ մտահոգվելու կարիք չկա. «Մենք շատ վաղուց ենք միմյանց հետ պայքարի մեջ, անցել ենք տարբեր բաների միջով, այնպես որ, երկար ճանապարհ անցնելուց հետո՝ որևէ հայտարարություն չի կարող «Հիմնադիր խորհրդարանի» պառակտման հիմք հանդիսանալ»։

Տեսանյութեր

Լրահոս