ՀՀԿ-ն կմասնակցի՞ ավագանու ընտրություններին. պարզաբանում է Էդուարդ Շարմազանովը

ՀՀԿ-ում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը դեռևս չի քննարկվել։ 168.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կուսակցությունում ո՛չ ավագանու ընտրություններին մասնակցելու հարցն է քննարկվել, ո՛չ քաղաքապետի թեկնածուի։

«Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո մենք գործադիր մարմնի նիստ չենք արել, նման հարց մեր օրակարգում չի եղել, չենք քննարկել»,- նշեց Է. Շարմազանովը։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ այդ հարցը դեռևս չեք քննարկել, և արդյո՞ք առաջիկայում պատրաստվում եք քննարկել, Է. Շարմազանովն այսպես պատասխանեց. «Բոլոր քննարկումների մասին լրատվամիջոցներին տեղեկացվում է։ Եթե մենք քննարկենք, դուք էլ կիմանաք։ Չեմ կարող ասել՝ կքննարկե՞նք, թե՞ չէ։ Շատ բան կախված է Երևանի տարածքային կուսակցական կառույցի առաջարկություններից։ Բայց նման հարց չի քննարկվել, եթե քննարկենք, բնականաբար կիմանաք»։

Մեր ճշտող հարցին էլ՝ հավանական համարո՞ւմ եք, որ ընդհանրապես չմասնակցեք ավագանու ընտրություններին, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, բայց այդ հարցը չենք քննարկել, իսկ ձեր տված հարցին ասում եմ՝ չեմ բացառում որևէ զարգացում»։

Տեսանյութեր

Լրահոս