«Մարտական գործողությունների մասնակից» և «Մարտական հերթապահություն» հասկացությունները տարբերվում են միմյանցից
Փաստաբան Նորայր Նորիկյանը, անդրադառնալով մամուլում ակտիվորեն քննարկվող զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում կատարված հայտնի գրառումների և դրանց անվավեր ճանաչելու հետ կապված խնդիրներին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Տարընթերցումներից խուսափելու համար անհարժեշտ ենք համարում տեղեկացնել, որ «Մարտական գործողությունների մասնակից» և «Մարտական հերթապահություն» հասկացությունները տարբերվում են միմյանցից, թե՛ բովանդակությամբ, թե՛ կարգավիճակով։ Այսպես․
ՀՀ Կառավարության 200թ․ թիվ 778 որոշմամբ սահմանվել է ՛՛Մարտական գործողությունների մասնակցի՛՛ կարգավիճակը, համաձայն որի՝ Մարտական գործողությունների մասնակից են համարվում 1989-1994 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին՝ ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ, մասնակցած անձինք, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձինք՝ անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից, ովքեր՝
ա) ծառայել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում,
բ) կանչվել են եռամսյա վարժական հավաքների,
գ) գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում,
դ) ընդգրկվել են ռազմական կամ մարդատար օդանավերի (ուղղաթիռների) անձնակազմերում և իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկումը,
ե) հատուկ կամ մարտական առաջադրանքներով գործուղվել են ռազմական գործողությունների գոտի,
զ) գործուղվել կամ մասնակցել են ռազմական գործողությունների գոտում հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին:
Ինչ վերաբերում է ՛՛Մարտական հերթապահություն՛՛ իրականացնելու հանգամանքին, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՛՛ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին՛՛ ՀՀ օրենքի 362-րդ հոդվածի համաձայն՝ Մարտական հերթապահությունը մարտական առաջադրանքի կատարումն է:
Այն իրականացնում են զինված ուժերի տարբեր տեսակների և զորատեսակների զորամասերի ու ստորաբաժանումների նշանակած հերթապահ ուժերը և միջոցները: Հերթապահ ուժերի և միջոցների շարքն են դասվում մարտական անձնակազմերը, կառավարման կետերի, մարտական ապահովման և սպասարկման ուժերի միջոցների հերթափոխերը»: