«Տարասովն իր հարցազրույցում բացահայտեց Փանիկի դեպքերի իմաստը». Ստեփան Դանիելյան
«Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը երեկ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ կոշտ գնահատականներ էր հնչեցրել։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները՝ առանց զգուշացման, Շիրակի մարզի Փանիկ գյուղում զորավարժանք էին իրականացրել: Հնչած պայթյուններն ու կրակոցները բնակիչների մոտ վախ են առաջացրել, քանի որ զորավարժանքի մասին ոչինչ չեն իմացել:
«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
168.am-ի հետ զրույցում Տարասովը հակադարձելով Փաշինյանի այդ հայտարարությանը՝ ասել էր.
«Նա կարող էր ռուսական հրամանատարության հետ կապ հաստատել, հստակեցնել իրավիճակը, պայմանավորվել ընդհանուր դիրքորոշում, այդպես են վարվում գործընկերները: Հրամանատարությունը մտածել է, թե կենտրոնում գիտեն, ու իրենք սկսում են իրենց սովորական զորավարժությունները, գուցե տեխնիկական թյուրիմացություն ևս եղել է, բայց դա գաղտնի միջոցառում չէ, պարզապես հրամանատարությունը հաշվի չի առել, որ անհրաժեշտ է տեղեկացնել ևս մեկ անգամ: Սա զորավարժություն է, գուցե սցենար են բեմադրել, և այլն, ավելի մանրամասն ռազմական փորձագետները կասեն, նույնիսկ այդ պարագայում Փաշինյանը չպետք է նման հայտարարություններ աներ»: Նա նաև նշել էր, որ խնդիրներ է տեսնում ոչ թե ռուս-հայկական հարաբերություններում, այլ ՀՀ նոր իշխանությունների կոմպետենտության հարցում:
«Կոնկրետ այս իրավիճակում, ինչպես երևում է, Գյումրիի ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՊՆ-ում նոր մարդիկ են, սովոր չեն պրոտոկոլային հարցերին, ուստի ուշադրությունից բաց են թողել իրավիճակը, որի արդյունքում զորավարժություններն անցկացվեցին այնպես, ինչպես անցկացվեցին: Կրակել են, իհարկե, զորավարժությունները բալետի պարեր չեն, դա Խաչատրյանի երաժշտությունը չէ, դրանք զորավարժություններ են, այո՛, բնակիչներն անհանգստացան, դիմեցին բողոքով, ստացան պատասխան: Փաշինյանը կարող էր հանգիստ դրան արձագանքել, նման բարձրագոչ հայտարարություններ չաներ և դա չորակեր՝ որպես սադրանք: Իսկ մենք սադրանք ենք որակում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ ընդդեմ Ռուսաստանի: Թող ընկեր Փաշինյանը դնի Հայաստանում ռուսական զինծառայողների ներկայության հարցը, և թող իրեն պաշտպանեն թուրքերը, ադրբեջանցիները և իր արևմտյան գործընկերները»,- բավական կտրուկ հայտարարել էր Ստանիսլավ Տարասովը:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում կայանալիք զորավարժություններին ՀՀ մասնակցությանը՝ նա ասել էր. «Սա նման է նրան, որ մարդ ունենա օրինական կին ու գնա սիրուհի ունենա՝ ՆԱՏՕ-ի տեսքով: Դա միայն հիվանդ ուղեղով կարելի է պատկերացնել: Այո, պատահում են տակտիկական մանևրներ, անխոս պատահում են, բայց երկակի ստանդարտնե՞ր խաղալ: Բայց կներեք, գիտեք, մենք էլ այդքան չենք ցանկանում մեր զինծառայողներով պաշտպանել Փաշինյանի և իր խմբի շահերը: Թող իրենք պաշտպանվեն, Աստծու սիրուն»:
Մշտապես բավական զուսպ հայտարարություններով հանդես եկող հայտնի քաղաքագետի այս հարցազրույցը երեկվանից դարձել է ներքաղաքական քննարկման առաջնահերթ թեմա։ Մեղադրանքներ են հնչում նաև 168.am-ի (որը մշտապես իր ընթերցողին ներկայացնում է նաև օտարերկրացի փորձագետների, քաղաքագետների և քաղաքական-տնտեսական-հասարակական գործիչների տեսակետները) հասցեին՝ ընդհուպ մեղադրելով հակապետական գործունեության մեջ։ Զավեշտալի և այլակարծության, քննադատական խոսքի դեմ անեծք-հայհոյանքներով ուղղորդված այդ շքերթին մենք չենք անդրադառնա։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում «Ո՞վ է Ստանիսլավ Տարասովը» գրառումն է կատարել։
«Միանգամից ասեմ, շատ լուրջ և հարգված փորձագետ է, տիրապետում է 7 լեզուների, Աֆղանստանում եղել է ռազմական խորհրդական (հասկացողը կհասկանա, թե դա ինչ է նշանակում), Կիրովաբադի և Բաքվի ջարդերի ժամանակ սովետական զորքերի հետ մասնակցել է գործողություններին ու բազմաթիվ հայեր է փրկել, այդ թվում՝ իր անձնական ծանոթներին:
Արժեքավոր հետազատություններ ունի 1917-1921 թվականներին Կովկասում տեղի ունեցած քաղաքական գործընթացների մասին, հիմնված արխիվային նորագույն նյութերի վրա: Խորհուրդ կտամ կարդալ:
Ադրբեջանցիների կողմից հայտարարված է հայամետ գործիչ ու թշնամի:
Ինչի՞ եմ այս ամենը գրում:
Տարասովն իր հարցազրույցում բացահայտեց Փանիկի դեպքերի իմաստը: Ռուսները, կամ ավելի ճիշտ՝ ռազմական շրջանակները, մտահոգված են Հայաստանի արտաքին կուրսով, կամ այդ կուրսի մասին ունեցած կասկածներով, հատկապես՝ օգոստոսին Վրաստանում սպասվող ՆԱՏՕ-ի զինավարժություններով, որին Հայաստանը նույնպես մասնակցելու է:
Ռուսական Գլխավոր Շտաբն ավելի հակաադրբեջանական դիրքորոշում ունի, քան մյուս գերատեսչությունները, հասկանալի պատճառներով: Տարասովի կարծիքը պետք է համարել այդ շրջանակների տեսակետ:
Ո՞րն է եզրակացությունը: Ռուսաստանը նոր իրավիճակում չի կարողանում հստակեցնել իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ և առհասարակ Կովկասում վարվելիք իր ապագա ռազմական ու քաղաքական ստրատեգիայի հարցում:
Տարասովի հարցազրույցը այդ կոնտեքստում է պետք դիտարկել: Արդյունքում, ներվային դրսևորումներ են լինում:
Հ.Գ. Տարասովի նման խորքային գիտելիքներ ունեցող մարդուն Ֆեյսբուքում անգրագետ անվանողները հրաշք են»,- գրել է Ստեփան Դանիելյանը: