«Իսկ մենք սադրանք ենք որակում ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին». Տարասովը` Փաշինյանի հայտարարության մասին
«Փաշինյանի բարձրագոչ հայտարարություններն ամենևին էլ մեծ քաղաքականություն չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները՝ առանց զգուշացման, Շիրակի մարզի Փանիկ գյուղում զորավարժանք էին իրականացրել: Հնչած պայթյուններն ու կրակոցները բնակիչների մոտ վախ են առաջացրել, քանի որ զորավարժանքի մասին ոչինչ չեն իմացել:
«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այդ միջադեպը, պետք է համատեղ պայմանագրերը և հայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանվի:
«Ամեն դեպքում ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, և հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան մեր հարցադրման՝ Ստանիսլավ Տարասովն ասաց. «Իսկ ինչպե ՞ս գնահատել Փաշինյանի օրոք Հայաստանի մասնակցությունը Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 զորավարժությանը: Ակնհայտ, հակառուսական զորավարժություններ, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի ամրապնդմանը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մասնակցում է համարյա հակառուսական զորավարժությունների, ինչպե՞ս պետք է Մոսկվան դա գնահատի: Դավաճանությո՞ւն, թե՞ երկակի ստանդարտների կիրառում»:
Անդրադառնալով Փանիկում տեղի ունեցած միջադեպին՝ Տարասովը նշեց, որ, ինչպես հայտնի դարձավ Գյումրիի ռուսական ռազմաբազայի հրամանատարությունից, այդ զորավարժություններն այս տարվա մարտական պատրաստության ծրագրի մաս էին կազմում, և ՀՀ իշխանությունները տեղեկացված են եղել դրա մասին:
«Բայց կոնկրետ այս իրավիճակում, ինչպես երևում է, Գյումրիի ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՊՆ-ում նոր մարդիկ են, սովոր չեն պրոտոկոլային հարցերին, ուստի ուշադրությունից բաց են թողել իրավիճակը, որի արդյունքում զորավարժություններն անցկացվեցին այնպես, ինչպես անցկացվեցին: Կրակել են, իհարկե, զորավարժությունները բալետի պարեր չեն, դա Խաչատրյանի երաժշտությունը չէ, դրանք զորավարժություններ են, այո՛, բնակիչներն անհանգստացան, դիմեցին բողոքով, ստացան պատասխան:
Փաշինյանը կարող էր հանգիստ դրան արձագանքել, նման բարձրագոչ հայտարարություններ չաներ և դա չորակեր՝ որպես սադրանք: Իսկ մենք սադրանք ենք որակում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ ընդդեմ Ռուսաստանի: Թող ընկեր Փաշինյանը դնի Հայաստանում ռուսական զինծառայողների ներկայության հարցը, և թող իրեն պաշտպանեն թուրքերը, ադրբեջանցիները և իր արևմտյան գործընկերները»,- նման կերպ արտահայտվեց Ստանիսլավ Տարասովը:
ՆԱՏՕ-ի Վրաստանում կայանալիք զորավարժություններին ՀՀ մասնակցությունը նա որակեց հետևյալ կերպ. «Սա նման է նրան, որ մարդ ունենա օրինական կին ու գնա սիրուհի ունենա՝ ՆԱՏՕ-ի տեսքով: Դա միայն հիվանդ ուղեղով կարելի է պատկերացնել: Այո, պատահում են տակտիկական մանևրներ, անխոս պատահում են, բայց երկակի ստանդարտնե՞ր խաղալ: Բայց կներեք, գիտեք, մենք էլ այդքան չենք ցանկանում մեր զինծառայողներով պաշտպանել Փաշինյանի և իր խմբի շահերը: Թող իրենք պաշտպանվեն, Աստծու սիրուն»:
168.am-ի պնդմանը, թե խնդիրն այն է, որ գյուղացիները տեղյակ չեն պահվել այդ հատվածում անցկացվելիք զորավարժությունների մասին, Ստանիսլավ Տարասովն արձագանքեց՝ ասելով, որ Փաշինյանի այդ հայտարարությունն անհասկանալի է, քանի որ հնարավոր է՝ տեղի են ունեցել տեխնիկական թյուրիմացություններ, նորմալ է, նա դրան կարող էր այլ կերպ արձագանքել:
Նրա խոսքով՝ ինչ-որ մեկը վախեցել է երկու կրակոցից, որից բարձրագոչ հակառուսական հայտարարություններ անելը մեծ քաղաքականություն չէ:
«Նա կարող էր ռուսական հրամանատարության հետ կապ հաստատել, հստակեցնել իրավիճակը, պայմանավորվել ընդհանուր դիրքորոշում, այդպես են վարվում գործընկերները: Հրամանատարությունը մտածել է, թե կենտրոնում գիտեն, ու իրենք սկսում են իրենց սովորական զորավարժությունները, գուցե տեխնիկական թյուրիմացություն ևս եղել է, բայց դա գաղտնի միջոցառում չէ, պարզապես հրամանատարությունը հաշվի չի առել, որ անհրաժեշտ է տեղեկացնել ևս մեկ անգամ: Սա զորավարժություն է, գուցե սցենար են բեմադրել, և այլն, ավելի մանրամասն ռազմական փորձագետները կասեն, նույնիսկ այդ պարագայում Փաշինյանը չպետք է նման հայտարարություններ աներ»,- ասաց Տարասովը:
Ռուս քաղաքագետն ասաց, որ խնդիրներ է տեսնում ոչ թե ռուս-հայկական հարաբերություններում, այլ ՀՀ նոր իշխանությունների կոմպետենտության հարցում:
Նրա որակմամբ՝ նոր իշխանությունները դեռ չեն գիտակցել, թե ինչ են ապրում և որտեղ: Ավելին, ըստ նրա՝ նրանք կարդացել են ռոմանտիկ գրքեր, սցենարներ, խոսում են հայակենտրոնության մասին, թող նրանք այդ խնդրի մեջ խեղդվեն, որպեսզի հետագայում նրանց մտորումներն ավելի կոմպետենտ լինեն:
«Մենք չենք խոչընդոտելու Փաշինյանին, թող աշխատեն»,- ասաց նա:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին և Ռուսաստանի դիրքորոշմանը վերջին շրջանում առկա լարվածության վերաբերյալ, Տարասովն ասաց, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանի խնդիրն է: «Ի՞նչ է անելու Փաշինյանը Ղարաբաղում, սա հարց է, որի պատասխանը նրանից կցանկանայի լսել, ի՞նչ եք Մոսկվայից ուզում լսել»,- ասաց նա:
Ամփոփելով՝ նա նշեց, որ, եթե ՀՀ կառավարության նոր ղեկավարն «այդքան վստահ է, թող պաշտպանվի»: