
«Նոր կառավարությունում գործում են երեք խումբ մարդիկ». Նիկոլ Փաշինյան

«Նոր կառավարությունում գործում են երեք խումբ մարդիկ՝ նոր մարդիկ, հին մարդիկ, պայմանականորեն ասած, և մարդիկ, որոնք հին ժամանակում աշխատել են, բայց նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը: Այս իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը: Այս իրավիճակը նոր է բոլոր կադրերի համար: Կառավարության իմ վարած քաղաքականության ամենակարևոր խնդիրը, որ լուծել եմ կադրային իմաստով, եղել է հեղափոխության անցնցում հաղթանակը ֆիքսելը, արձանագրելը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կառավարության վարած կադրային քաղաքականության մասին:
Ըստ նրա՝ այս ադապտացիայի շրջանում բոլոր երեք խմբերում լինելու են մարդիկ, որոնք լավ իմաստով հարմարվելու են իրավիճակին, և լինելու են մարդիկ, որոնք չեն հարմարվելու, և դա անխուսափելի է: Ն.Փաշինյանի բնորոշմամբ՝ այս իրավիճակն ամբիցիաների, գործելաոճի փոփոխություն է, ընդ որում՝ այս իրավիճակը չի կանխատեսվել, կամ կանխատեսվել է շատ քիչ թվով մարդկանց կողմից:
ՀՀ վարչապետը կարևորեց կադրային բանկի ձևավորումը, որը հնարավորություն կբացի և՛ Հայաստանի, և՛ սփյուռքի մասնագետների համար: Նրա խոսքով՝ կառավարությունը կաշխատի՝ այդ կադրային բանկի ձևավորման, և հետագայում՝ դրա ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու համար:
Հարցին՝ կառավարությունն արձակուրդ գնալո՞ւ է, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ կառավարությունը չի կարող արձակուրդ գնալ, որովհետև երկիրը չի կարող լինել առանց կառավարության. «Առանձին ներկայացուցիչներ, ովքեր հոգնած են, գուցե գնան արձակուրդ»: