«Ո՞վ է ասել, որ բալանսավորում պետք է լինի նախագահի ու վարչապետի միջև». Նիկոլ Փաշինյան

Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց սուպերվարչապետության մասին, թե «Սերժ Սարգսյանի համար ձևած» սուպերվարչապետությունն այժմ Փաշինյանն է «վայելում», հարմարավե՞տ է զգում դրա մեջ, մտադրություն ունի՞ հրաժարվել դրանից:

«Սազում ա՞»,- կատակեց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ միանշանակ՝ այո՛, սուպերվարչապետությունը վերացվելու է: Նրա խոսքով՝ իրենք արել են ամեն ինչ, որպեսզի ոստիկանության, քննչական համակարգերի կայունությունը չխաթարվի, առավել ևս, պետական կառավարման համակարգում բալանսավորման  քաղաքականությանը պետք է գնալ այնպես, որ պետական կառավարման համակարգի կայունությունը չխաթարվի. «Երբ ժամանակին ես ասում էի, որ այս համակարգով ավելի հեշտ է հեղափոխություն անել, քան նախկինում, շատերը մեղադրում էին»:

Ն.Փաշինյանը նշեց, որ բալանսավորում պետք է տեղի ունենա, բայց պետք է գիտակցել, որ դա մի օրում տեղի չի ունենալու, բայց եթե տեղի ունենա այնպես, որ չապահովվի կայունությունը, կունենանք շատ լուրջ խնդիրներ:

«Ո՞վ է ասել, որ բալանսավորում պետք է լինի նախագահի ու վարչապետի միջև»,- հարցադրում արեց Ն.Փաշինյանը՝ նշելով, որ բալանսավորում պետք է տեղի ունենա ոչ թե վարչապետի ու նախագահի, այլ՝ կառավարության ու խորհրդարանի միջև:

«Եթե որևէ մեկը մտածում է, որ պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, դա պետության վերջն է»,- նկատեց Ն.Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս