
«Մենք չենք մասնակցել որևէ ֆորմատի հանդիպման, որ շրջադարձ է մեր երկրի համար»

«Մենք հստակ հայտարարել ենք, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: Մենք չենք մասնակցել որևէ ֆորմատի հանդիպման, որ շրջադարձ է մեր երկրի համար»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, որ ռուսական կողմից «սադրանք» է որակվում ՀՀ-ի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովներին և զորավարժություններին, որ լինելով ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, Հայաստանը սերտացնում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ընդհանրապես Արևմուտքի հետ:
Ն.Փաշինյանը հստակեցրեց, որ իրենք մասնակցել են ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, այլ մասնակցել են Աֆղանստանում խաղաղապահ գործունեություն իրականացնող երկրների գագաթաժողովին, իսկ ՀՀ-ն իրականացրել և իրականացնում է խաղաղապահ գործունեություն:
Ն.Փաշինյանը նշեց, որ ԵՄ-ի հետ մինչև թավշյա հեղափոխությունն էլ Հայաստանն ունեցել է հարաբերություններ, ստորագրվել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը մինչև հեղափոխությունն է վավերացվել ՀՀ ԱԺ-ում. «Մենք ասել ենք, որ մեր միջազգային պարտավորությունները կատարել ենք և կատարում ենք»:
Մեր հարցին՝ ՀՀ-ն մասնակցելո՞ւ է օգոստոսի 1-ին Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 զորավարժությանը, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ դեռ որոշում չկա. «Իմ սեղանին նման որոշում կայացնելու հարց չի դրվել, կքննարկենք, որոշում կկայացնենք»: