«Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում կան պաշտոնյաներ, որ չեն նկատում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները». ՀՀ վարչապետ
«Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում բոլոր հանդիպումներում ես արձանագրել եմ հետևյալը՝ ժողովրդավարությունը մեր համոզմունքն է, հավատամքն է, և տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դեսպանի հայտարարություններին:
Նա արձանագրեց, որ երկար տարիներ ԵՄ-ն ասել է, որ Արևելյան գործընկերության երկրների հետ ինքը հարաբերվում է «ավելին՝ ավելիի» դիմաց բանաձևով, և ավելին վերաբերել է հռչակված արժեքներին՝ ժողովրդավարություն, թափանցիկություն, կոռուպցիայի դեմ պայքար, օրենքի գերակայություն:
Ն.Փաշինյանի խոսքով՝ մինչև ԵՄ իր այցը եղել է հայտարարություն, որ ԵՄ-ն պատրաստվում է աջակցել ՀՀ-ին ինչ-որ ձևով, սակայն ԵՄ բանաձևը չի աշխատում հենց ԵՄ-ի համար:
«Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում կան պաշտոնյաներ, որ չեն նկատում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն օրինակ է բերել, որ կառավարությունն առանց հավելյալ լումա ծախսելու, կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան նախկին կառավարության և ԵՄ-ի համագործակցության արդյունքում տեղի է ունեցել՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսելով, և նույնը դատական համակարգում է:
«Մենք հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չենք արել, և հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չենք անում»,- ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ իրացրել են ժողովրդի կողմից տրված մանդատը, իսկ ուղերձները տվել են գործընկերներին և ասել, որ պետք է իրենք դիրքավորվեն նոր ուղղությամբ: