Հունգարիան հրաժարվեց մասնակցել ՄԱԿ-ի Միգրացիայի համաձայնագրին
Հունգարիան չի մասնակցի Անվտանգ, կարգավորված եւ կանոնավոր միգրացիայի գլոբալ համաձայնագրին, որի տեքստը համաձայնեցվել է ՄԱԿ-ի հովանու ներքո կայացած բանակցությունների ընթացքում:
Հուլիսի 18-ին Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: «Այդ փաստաթուղթը լիովին հակասում է Հունգարիայի անվտանգության շահերին»,- մեջբերում է անում Reuters գործակալությունը նախարարի խոսքից, որը հավելել է, թե փաստաթուղթն «սպառնում է ամբողջ աշխարհին»:
Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ավարտվել են միջկառավարական բանակցություններն Անվտանգ, կարգավորված եւ կանոնավոր միգրացիայի գլոբալ համաձայնագրի շուրջը:
Ինչպես նշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, սա առաջին գլոբալ համաձայնագիրն է, որը նպատակամիտված Է այն բանին, որպեսզի ավելի արդյունավետ կարգավորվի միջազգային միգրացիան: Նրա խոսքով՝ դա համապատասխանում է բոլոր պետությունների շահերին եւ կօգնի երաշխավորելու միգրանտների իրավունքների պաշտպանությունը:
Անվտանգ, կարգավորված եւ կանոնավոր միգրացիայի գլոբալ համաձայնագրին պաշտոնապես հավանություն կտրվի այս տարվա դեկտեմբերին Մարաքեշում (Մարոկո) կայանալիք միջազգային խորհրդաժողովում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: