ՔՊ-ն արդեն ունի Երևանի քաղաքապետի թեկնածուներ. նրանց թվում են Ալեն Սիմոնյանը և Հայկ Մարությանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվել է Երևանի քաղաքապետի հարցը, և կան մի քանի թեկնածուներ։ Այս մասին 168.am-ին ասաց կուսակցության անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

«Թեկնածուներ կան, որոնցից մեկին կընտրի կուսակցության վարչությունը, և ընտրություններից հետո կհայտարարվի՝ ով է թեկնածու»,- նշեց մեր զրուցակիցը:

Մեր ճշտող հարցին՝ ձեր և Հայկ Մարությանի անունները նո՞ւյնպես այդ թեկնածուների շարքում են, Ա. Սիմոնյանը դրական պատասխան տվեց. «Այո, կան»։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էր նաև առաջին փոխվարչապետ, ՔՊ անդամ Արարատ Միրզոյանի անունը։ Ա. Սիմոնյանը, սակայն, նշեց, որ նրա անունը թեկնածուների ցանկում չկա։ Նա ասաց, որ կա ընդհանուր առմամբ 4 թեկնածու, բայց դա դեռ վերջնական չէ, հնարավոր է՝ էլի թեկնածուներ լինեն։ Ա. Սիմոնյանը չհստակեցրեց, թե վերջնական որոշում երբ են կայացնելու, միայն նշեց, որ դա կլինի մոտ ապագայում։

Մենք հետաքրքրվեցինք, թե ՔՊ-ն առանձի՞ն է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ «Ելք» դաշինքով։ Ի պատասխան՝ Ա. Սիմոնյանն ասաց. «Դրա հետ կապված որոշում չկա, մենք որոշում ենք մեր թեկնածուին, ու եթե մենք «Ելքով» կգնանք, ապա կառաջարկենք մեր թեկնածուին ու կքննարկենք գործընկերների հետ։ Նրանք իրենց թեկնածուին կբերեն ու միասնական թեկնածու կընտրենք։ Եթե առանձին կգնանք, ապա այն թեկնածուն, որը կհաղթի, կլինի նաև մեր առաջին համարը»։

Տեսանյութեր

Լրահոս