Առողջական որոշ խնդիրներ ունենալու դեպքում նախազորակոչային տարիքի պատանիները կբուժվեն մինչև զորակոչվելը

Քթի միջնապատի և ատամների խնդիրներ ունենալու դեպքում նախազորակոչային տարիքի տղաներին կցուցաբերվի համապատասխան բուժօգնություն:

Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ վիրահատության և բուժման համար կվճարեն ոչ թե հենց իրենք՝ հիվանդները, այլ պետությունը:

Նախարարը մինչ ճեպազրույցը շրջեց բժշկական մասով՝ հիվանդասենյակներով, վիրաբույժների, ատամնաբույժի և այլ սենյակներով, ծանոթացավ բժշկական խնդիրներին, առաջարկներին և վստահեցրեց, որ դրանք ժամանակի ընթացքում անպայման կստանան իրենց լուծումները:

Անդրադառնալով միջնապատի ծռության, բուժհետազոտությունների թերի լինելու հետ կապված խնդիրներին, որ բարձրացրին հավաքակայանի բուժաշխատողները, Թորոսյանն ընդգծեց, որ այդ խնդիրները պետք է լուծել նախազորակոչային տարիքում՝ 16-18 տարեկանում:

«Ամեն զորակոչ ունենում է տարատեսակ խնդիրներ՝ սկսած հիվանդանոցների ծանրաբեռնվածությունից, վերջացրած նախազորակոչային խնդիրներով: Հիվանդանոցներն այս օրերին շատ ծանրաբեռնված են աշխատում՝ մեծ թվով զորակոչիկներ են այցելում, և այնտեղ հերթեր են գոյանում: Մենք երեկվանից փորձում ենք այդ հարցը լուծել: Նախազորակոչային խնդիրները շատ տարբեր են՝ նաև ատամների, քթի միջնապատի հետ կապված: Մենք փորձում ենք դրանք լուծել մինչև զորակոչը, այսինքն՝ վիրահատություն և բուժում ենք իրականացնում, որպեսզի զորակոչի ժամանակ նման խնդիրներ չունենան»,- նշեց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս