Բաժիններ՝

#CultTalk. Արսինե Խանջյանը ֆիլմ կնկարահանի Երուսաղեմի հայկական թաղամասի մասին

Հայաստանի ամենազորավոր ուժն իր մշակույթն ու արվեստագետներն են: Դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը վստահ է՝ Հայաստանում հոյակապ արվեստագետների պակաս ընդհանրապես չկա: «Արարատ», «Արտույտների ագարակը», «Սպին», «Օրացույցը» և այլ ֆիլմերից հայտնի դարձած ու սիրված դերասանուհին այս օրերին Հայաստանում էր, եկել էր մասնակցելու «Ոսկե ծիրան» երևանյան 15-րդ միջազգային կինոփառատոնին: «Արմենպրես»-ը Խանջյանի այցի ընթացքում հնարավորություն ունեցավ զրուցելու հայտնի դերասանուհու ու պրոդյուսերի հետ կինոփառատոնի, ամուսնու՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ համագործակցության ու առաջիկա ծրագրերի մասին:

Արսինե Խանջյանը՝ «Ոսկե ծիրանի» մասին

«Ոսկե ծիրանը» ծնվեց ու զորացավ դժվար պայմաններում: Մշակույթի ոլորտն ամենահեշտ ասպարեզը չէ: «Ոսկե ծիրանը» հավատում էր, որ Հայաստանի համար կարևոր է նման փառատոնը, կարևոր է նման ներդրում ունենալ մշակույթում: Եվ փառատոնի նախաձեռնողները, անտեսելով դժվարությունները, տարիներ շարունակ աշխատեցին՝ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելով: Եվ դրա շնորհիվ «Ոսկե ծիրանը» դարձավ համաշխարհային երևույթ՝ ի պատիվ և ի նպաստ Հայաստանի:

Սերն ու կինոն

Մենք սփյուռքում մշակույթի նկատմամբ մեծ սեր ունենք: Մենք դպրոցներում, մշակութային հաստատություններում ստեղծել ենք թատերական խմբակներ: Բայց դրանք կիսապրոֆեսիոնալ խմբակներ են:

Հայրս և հորեղբայրս ևս հանդես էին գալիս նման խմբակների ներկայացումներում: Ես Կանադայում հայտնվեցի 17 տարեկանում: Ուսումնասիրել եմ հենց թատերական արվեստ: Մասնագիտությամբ առաջին հերթին թատրոնի դերասանուհի եմ: Դրանից հետո համալսարանում լեզուներ եմ ուսումնասիրել, իսկ մագիստրատուրայում քաղաքագիտություն եմ սովորել: Շատերը դրա մասին չգիտեն, և չեն անդրադառնում իմ գործունեությանն այս ոլորտում: Բայց, իսկապես, իմ ամենամեծ հետաքրքրությունը քաղաքագիտությունն է: Եվ իմ ավարտական աշխատանքը վերաբերում էր մշակույթի և քաղաքականության հարաբերությանը:

Արսինե Խանջյան-Ատոմ Էգոյան

Թատրոնի շնորհիվ հանդիպեցինք Ատոմի հետ: Մոնրեալում հայերեն կիսապրոֆեսիոնալ թատրոնում էի աշխատում, չէի էլ երևակայում, որ պետք է կարողանամ դերասանուհի դառնալ: Ուզում էի քաղաքագիտական գործունեության անցնել: Արդեն մագիստրատուրայում էի սովորում, և այդ ժամանակ ծանոթացանք: Ատոմն իր առաջին նախագիծն էր անում՝ «Հարազատներ» ֆիլմը: Նա հայ դերասաններ էր փնտրում: Մասնակցեցի լսումների, և նա, ըստ երևույթին, հավանեց իմ դերասանական կարողությունները: Եվ այդ կերպ 1984-ից ի վեր միասին ենք:

Էգոյանի հետ աշխատելու առավելությունները

Ատոմի հետ հեշտ է աշխատել, որովհետև նա շատ տաղանդավոր բեմադրիչ է: Շատ է հարգում դերասաններին: Երբ գրում է իր սցենարները, միշտ մտքում պահում է այն դերասաններին, որոնց հետ կցանկանար աշխատել: Եվ շատ ազատ հարաբերություններ է հաստատում իր բոլոր դերասանների հետ:

Ես շատ այլ կինոռեժիսորների հետ էլ եմ աշխատել Ֆրանսիայում, Կանադայում, համագործակցել եմ տարբեր ֆիլմերում: Ատոմի դեպքում պետք է ասեմ, որ լինելով իր կողակիցը, երբեմն ավելի հեշտ է աշխատելը, երբեմն՝ ավելի բարդ: Ծանոթ ենք միմյանց մտածելակերպին, և եթե համաձայն ենք, շատ ավելի հեշտ ենք ընդհանուր հայտարարի գալիս: Իսկ եթե չենք համաձայնում, սկսում ենք իրար դեմ պայքարել: Թե՛ առավելություններ կան, թե՛ թերություններ: Բայց նրա հետ աշխատելու առավելությունները շատ ավելին են:

Խանջյան-Էգոյան. ամենասիրելի ֆիլմերը

Կառանձնացնեմ «Օրացույցը» և «Արարատը»: Երկուսն էլ կարևոր են, և շատ եմ սիրում, բայց տարբեր պատճառներով: «Օրացույցը» մեր առաջին ֆիլմն էր Հայաստանում, 1992-ին եկանք այստեղ: «Օրացույցն» ինձ համար շքեղ անդրադարձ է: Առաջին անգամ էինք առանց սցենարի աշխատում, ըստ օրվա նկարահանումների՝ ստեղծում էինք ֆիլմը:

Իսկ «Արարատն» առանձնացնում եմ, որովհետև շատ կարևոր թեմա է արծարծում, անդրադարձ է Ցեղասպանությանը: Կարծում եմ, որ Ատոմը միակն է Ցեղասպանության մասին ֆիլմեր նկարած հայ և արտասահմանցի ռեժիսորներից, որ անդրադարձել է ոչ թե հատկապես Ցեղասպանության պատմությանը, այլ Ցեղասպանության իրողության հերքմանը ներկա ժամանակներում: Եվ այս առումով երկու ֆիլմերը շատ կարևոր գործեր են:

Առաջիկա ծրագրեր

Երկու նախագիծ կա, որ տարբեր ժամանակներում պետք է կայանան: Մեկը թատերական է. Չեխովի «Բալենու այգին» ներկայացման մեջ պետք է գլխավոր դերը խաղամ: Գեղեցիկ գործ է, իմ ամենասիրած թատերական գործերից է: Ներկայացվելու է Տորոնտոյում: Բացի այդ, պետք է որպես կինոռեժիսոր ֆիլմ նկարահանեմ Երուսաղեմի հայկական թաղամասի մասին: Նախագծի անունը Quarters է (թարգմանաբար՝ թաղամասեր, քառորդներ): Երուսաղեմը բաժանված է չորս թաղամասի, այնտեղ հայկական թաղամասն առանձին է, և ես պիտի անդրադառնամ հենց հայկական թաղամասին:

Այս նախագիծը հոյակապ է ինձ համար, առաջին անգամ հանդես եմ գալու իբրև ռեժիսոր-բեմադրիչ: Այդ փորձը չեմ ունեցել մինչև հիմա: Ինձ հետ այլազգի ռեժիսորներ էլ են աշխատելու, ամեն մեկն իր թաղամասի մասին է նկարելու: Ես հայկական թաղամասի մասին ֆիլմի վրա պետք է աշխատեմ: Պետք է ասեմ, որ ֆիլմերից ամեն մեկը 30 րոպե տևողություն է ունենալու, և այդպիսով լինելու է չորս ֆիլմ:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս