«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցը նույնպես եղել Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի օրակարգում». Տիգրան Բալայան
Այսօր տեղի ունեցած ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ ՀՀ քաղաքացին, որը հայտնվել է ադրբեջանական տարածքում, ունի առողջական խնդիրներ։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է հոգեկան խնդիրներ ունեցող անձն Ադրբեջանի կողմից որպես դիվերսանտ ներկայացվում։ Ի պատասխան՝ Տ. Բալայանն ասաց. «Վարչապետ Փաշինյանը երեկ իր ուղիղ եթերի ընթացքում, նաև բրյուսելյան իր հանդիպումների և հայտարարությունների ժամանակ հստակ ասել է, թե Ադրբեջանի կողմից այդ լարվածությունն ինչու է ստեղծվում։ Այդ նույն տրամաբանությամբ հոգեկան խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացին մատուցվում է՝ որպես դիվերսանտ։ Հիշեք՝ սահմանի այդ նույն հատվածում մենք ինչեր ենք ունեցել՝ 70 տարեկան ծերունուն փորձել են ներկայացնել՝ որպես դիվերսանտ, այնքան են առողջության հետ փորձարկումներ արել, որ մարդը վերադառնալուց հետո, նույնիսկ ամենաինտենսիվ թերապիայի պայմաններում, չկարողացավ շարունակել կյանքը։ Այսինքն՝ այն վնասները, որ հասցվել էին, կյանքի հետ անհամատեղելի էին։ Ադրբեջանի կողմից լարվածությանը նպաստող քաղաքականության հիմքում ընկած է հենց այն ամենը, ինչի մասին խոսում էր վարչապետ Փաշինյանը»։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե՝ ինչո՞ւ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի: Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»:
Տ. Բալայանն ասաց, որ վարչապետի այս հայտարարությունը նշանակում է, որ հայկական կողմը, բացի հայտարարություններից՝ ակնկալում է նաև առարկայական աջակցություն ՀՀ զարգացմանը. «Խոսքը գնում է ժողովրդարացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ամրապնդման հետ զուգահեռ՝ հավելյալ աջակցություն ցույց տալու մասին»։
Հարցին, թե վարչապետի այդ հայտարարությանն արդեն որևէ արձագանք եղե՞լ է, Տ. Բալայանն պատասխանեց, որ բացասական արձագանք չեն ստացել, ու ակնկալում են, որ իրենց սպասումները դրական ընթացք կունենան։
Խոսելով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման խնդրի մասին՝ Տ. Բալայանն ասաց, որ այս հարցը ևս եղել է վարչապետի այցի օրակարգում. «Մենք ակնկալում ենք համապատասխան մանդատի տրամադրումը ԵՄ հանձնաժողովի կողմից՝ երկխոսության մեկնարկի մասով։ Դա չի նշանակում, որ վաղը կամ մեկ տարուց մենք պետք է ունենանք այդ ազատականացված ռեժիմը, բայց պետք է երկխոսությունը մեկնարկի, որ տեսնենք՝ ինչի շուրջ ենք խոսում»։