ՊԵԿ-ը չի՞ կարողանում լուծել «հանելուկը»
«168 Ժամի» տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը մի «հանելուկ» էր առաջադրել կառավարությանը՝ պղնձի խտանյութի արտահանման վերաբերյալ։ Այսպես՝ 2017 թվականին Հայաստանից արտահանվել է 489 հազար տոննա պղնձի խտանյութ (կոդ 2603)՝ մոտ 587 մլն դոլար մաքսային արժեքով։ Սակայն՝
1) Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2017 թվականին Հայաստանից արտահանված պղնձի խտանյութի մեծ մասը՝ 285.6 մլն դոլար արժեքով, արտահանվել է Բուլղարիա։
Իսկ ըստ Բուլղարիայի տվյալների՝ իրենք 2017 թվականին Հայաստանից ընդհանրապես պղինձ չեն ներմուծել։
2) Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2017 թվականին Հայաստանից Շվեյցարիա արտահանվել է 87 մլն դոլար պղնձի խտանյութ։ Բայց Շվեյցարիայի տվյալների՝ իրենք 2017 թվականին ընդամենը 12.8 մլն դոլարի պղնձի խտանյութ են ներմուծել։ Հայաստանը մատակարարների ցանկում չկա։
3) Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2017 թվականին Հայաստանից Վրաստան արտահանվել է 89.6 մլն դոլար պղնձի խտանյութ։ Բայց վրացական վիճակագրությունն ասում է, որ իրենք 2017 թվականին Հայաստանից ներմուծել են 226 մլն դոլարի պղնձի խտանյութ։
Ինչո՞վ է պայմանավորված տվյալների այս, մեղմ ասած, հակասությունը։ Այս հարցը 168.am-ն ուղղեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։ Վերջինս պատասխանեց, որ այժմ ՊԵԿ-ում աշխատում են այդ թվերի հետ կապված։
«Չգիտեմ՝ ինչն է պատճառը, հավանաբար՝ ինչ-որ վիճակագրական խնդիր է, որովհետև հանքարդյունահանման ոլորտը բավականին թափանցիկ ոլորտ է»,- ասաց Դ.Անանյանը։
Ըստ նրա՝ օֆշորի խնդիր չի կարող լինել այստեղ, որովհտեև հանքարդյունաբերությունը հարկերը վճարում է բորսայական գների հիման վրա. «Այսինքն՝ ուր ուզում է ծախի, ում միջոցով ուզում է ծախի, մենք, միևնույն է՝ մեր հարկային պարտավորությունները Լոնդոնի, Հոնկոնգի և Նյու Յորքի բորսայի գներով ենք տալիս՝ կախված, թե որ տարածաշրջան է գնում։ Ընդհանրապես դա անելու նպատակ չկա»։
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ բացատրություն կարող է լինել, ՊԵԿ նախագահը կեսկատակ պատասխանեց. «Պարոն Թունյանին պետք է հարցնենք՝ քեզ որտեղի՞ց այդ վիճակագրությունը, կիսվի, մենք էլ հասկանանք»։
Մանրամասները՝ տեսանյութում