««Ելքը» քաղաքապետի թեկնածու չունի, ու դրա համար Նիկոլ Փաշինյանը չէր շտապում հորդորել Տարոն Մարգարյանին հրաժարական տալ». Քաղտեխնոլոգ

«Քաղաքական և պրակտիկ տեսակետից անիմաստ եմ համարում, որ ՀՀԿ-ականները հուլիսի 16-ի ավագանու նիստում բերեն իրենց թեկնածուին ու կարողանան անցկացնել, որովհետև, միևնույն է՝ այդ պարագայում այդ նոր քաղաքապետը մոտավորապես նույն ռեժիմում է աշխատելու, այսինքն՝ չի կարողանալու աշխատել այսօրվա կենտրոնական իշխանությունների հետ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ըստ նրա՝ եթե ՀՀԿ-ն բերի իր թեկնածուին և անցկացնի, դա ընդամենը կարող է լարել իրավիճակը և դառնալ նոր լարվածության օջախ։ Նա նաև չի տեսնում տարբերակ, որ հուլիսի 16-ին ընդդիմադիր խմբակցությունները կկարողանան անցկացնել իրենց թեկնածուին, եթե համաձայնության չեն եկել ՀՀԿ-ի հետ։

«Մյուս կողմից էլ՝ մենք տեսնում ենք՝ «Ելքը» և «Երկիր Ծիրանին» դեմ են հենց այս պահին ընտրություններին։ Ես ավելի պրագմատիկ եմ տեսնում, որ քաղաքական որոշում կայացվի, որ խորհրդարանական ընտրությունների հետ կանցկացնեն այդ ընտրությունները, իսկ խորհրդարանական ընտրությունները, կարծում եմ, հավանական է, որ նոյեմբերին և դեկտեմբերի սկզբին կարող են լինել։ Կարող է հիմա ինչ-որ տեխնիկական քաղաքապետ ընտրվի ընդհանուր համաձայնությամբ, և խորհրդարանական ընտրությունների օրվան մոտենալուն պես՝ ինքն իր լիազորությունները վայր կդնի, ու ավագանին փաստացի կցրվի ու նոր ընտրություններ կնշանակվեն։ Հիմա կարող են ինչ-որ թեկնածուի շուրջ պայմանավորվել՝ քիչ թե շատ ընդունելի, որովհետև դա իսկապես լինելու է տեխնիկական կառավարիչ։ Ես այդ տարբերակն ավելի էֆեկտիվ, պրագմատիկ ու ավելի քիչ ռեսուրս խլող եմ տեսնում»,- նշեց քաղտեխնոլոգը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ այդ քիչ թե շատ ընդունելի տարբերակը լինի «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որովհետև ինքն արդեն առաջադրել է իր թեկնածությունը, Վ. Հակոբյանը պատասխանեց, որ ինքը դա քիչ հավանական է համարում.

«Որքանով հասկանում եմ՝ Զարուհի Փոստանջյանն անընդունելի ֆիգուր է թե՛ «Ելքի», թե՛ ՀՀԿ-ի համար։ Այստեղ երկու կողմն էլ ունեն անվստահություն պայմանավորվելու մասով։ Իմ պատկերացմամբ՝ դժվար թե այդ ընդհանուր թեկնածուն լինի Զարուհի Փոստանջյանը»։

Մեր ճշտող հարցին՝ «Ելքի՞ց» պետք է լինի, Վ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Չեմ բացառում, որ կարող է լինել ՀՀԿ-ից ինչ-որ լոյալ, ինչ-որ տեղ ընդունելի գործիչ։ Քանի որ երբ դեռևս Տարոն Մարգարյանը հրաժարական չէր տվել, «Ելքից» որևէ թեկնածուի անուն չէր հնչում, ես կարծում եմ՝ դեռևս այդ հարցը լուծված չէ, որովհետև անկախ նրանից՝ կհնչեցվեր այդ անունը, թե ոչ, այդ ինֆորմացիան բավականին արագ կհասներ լրագրողական շրջանակներ։ Կարծում եմ՝ այդ թեկնածուն չկա, ու դրանով էր պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը չէր շտապում հորդորել Տարոն Մարգարյանին հրաժարական տալ»։

Հ.Գ. Երեկ ավելի ուշ «Ելքը» հայտարարություն է տարածել, որ հուլիսի 16-ին քաղաքապետի ընտրություններում «Ելք» խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին

Տեսանյութեր

Լրահոս