25 բան, որոնք Դուք անում եք ընկճախտի պատճառով, բայց ոչ ոք դա չի հասկանում
Ընկճախտը պատուհասում է աշխարհի միլիոնավոր մարդկանց, և միայն վերջին ժամանակներս են դրա մասին սկսել փոքրիշատե բաց խոսել:
Շատերը մտածում են, որ ընկճախտը կամ, ինչպես ընդունված է ասել, դեպրեսիան պարզապես ուժեղ տխրությունն է, և եթե դուք ինքներդ երբևէ չեք առնչվել դեպրեսիայի հետ, ապա կարող եք չիմանալ, թե որքան խորն է այն արմատներ ձգում: Դեպրեսիան արտահայտվում է տարատեսակ եղանակներով, ինչպես՝ ակնհայտ, այնպես էլ` անտեսանելի: Ինչ-որ մեկի համար դժվար է առավոտյան արթնանալ, իսկ ուրիշն առանց խնդրի՝ աշխատանքի է գնում, սակայն այն այլ կերպ է արտահայտվում.
Յուրաքանչյուրի մոտ տարբեր է:
Ահա Ֆեյսբուք սոցիալական ցանցում հարցված մարդկանց կարծիքներն այն մասին, թե իրենց որ գործողություններն են պայմանավորված դեպրեսիայով:
1. Չեմ կարողանում վեր կենալ անկողնուցս, երբեմն նույնիսկ` ժամերով: Ապա ինձ տանջում է միայն լոգանք ընդունելու միտքը: Եթե մի կերպ դա անում եմ, ապա կրկին ուզում եմ քնել: Մարդիկ չեն հասկանում, որ տագնապային վիճակն ու ընկճախտը ահավոր հոգնեցնում են, ինչպես ֆիզիկական պայքարը` արհեստավարժ բռնցքամարտիկին:
2. Պառկում եմ քնելու 21:00-ին ու քնում առանց արթնանալու մինչև առավոտվա 10-11-ը: Ապա դժվար արթնանում եմ, նույն դժվարությամբ էլ լոգանք ընդունում, տան կարգուկանոնին հետևում:
Ժամերով սերիալներ եմ նայում, բայց միևնույն ժամանակ ինձ բացարձակապես հետաքրքիր չէ, քանի որ ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում:
3. Ես չեմ սիրում հեռախոսով խոսել: Նախընտրում եմ sms հաղորդագրություններ գրել: Այդպես հանգիստ է: Ես նաև խուսափում եմ մարդկանցից ոչ թե այն պատճառով, որ նրանց հետ ինձ վատ եմ զգում, այլ որովհետև վստահ եմ` ինձ ոչ ոք չի սիրում:
4. Ինձ ընկճախտը չի վախեցնում, ինձ վախեցնում են մարդիկ, ովքեր ասում են, որ բոլորն են տխուր լինում, հերիք է նվնվաս, կամ ես էլ դեպրեսիա ունեմ, բայց մի կերպ դիմանում եմ: Դեպրեսիան բոլորի մոտ տարբեր է: Ես ուրախ եմ, որ որոշ մարդկանց համար հեշտ է, բայց ես ինձ դրանից ավելի թեթև չեմ զգում:
5. Ընդունում եմ հրավերը ու վերջին պահին հրաժարվում: Միշտ մի բան մտածում եմ հրաժարվելս հիմնավորելու համար, սակայն իրականում ես պարզապես վախենում եմ: Արդյունքում` ինձ թվում է, թե ընկերներս իրականում չեն ուզում ինձ տեսնել, նրանք պարզապես խղճում են ինձ` պարտքի զգացումից ելնելով:
6. Երբեմն ես ողջ օրը ոչինչ չեմ անում: Իմ ստամոքսը քաղցից քամվում է, սակայն վեր կենալու ու ուտելու ինչ-որ բան պատրաստելու համար ուժ չունեմ:
7. Թաքնվում եմ հեռախոսի մեջ: Այո, ես նրանից կախվածություն ունեմ, սակայն ոչ այնպիսին, ինչպիսին ուրիշների մոտ է: Ես չեմ շփվում սոցցանցերում, այլ խաղում եմ խաղեր կամ թափառում ինտերնետ-խանութներով մռայլ մտքերից շեղվելու համար: Դա կարծես իմ անվտանգությունը լինի:
8. Մարդկանց հետ շփվելիս հաճախ փակվում եմ կամ լռում, սակայն նրանք չեն հասկանում, որ դա դեպրեսիայի պատճառով է: Նրանք մտածում են, որ ես ինձ անհարգալից եմ պահում ու հատուկ եմ այդպես անում:
9. Շարունակ ասում եմ, որ հոգնել եմ ու ինձ վատ եմ զգում: Նրանք չեն հասկանում, որ դեպրեսիան քայքայում է քեզ ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես: Ինձ համար դժվար է իմ մեջ ուժ գտնել այդ ժամանակ:
Արդյունքում ես չեմ հասցնում ու մի կողմ եմ դնում մի շարք գործեր, քանի որ բոլոր ուժերս գնում են ամենաանհրաժեշտ բաներն անելու վրա: Իսկ մնացածի համար արդեն էլ ուժ չի մնում:
Երբ ինձ մոտ ընկճախտ է, մենք հաճախ սրճարանում ենք սնվում, տանն իսկական խառնաշփոթ է, թափթփված վիճակ, իսկ ես ժամերով հեռուստացույց եմ դիտում կամ կարդում եմ թաքնվելու համար: Էներգիա չունեմ ու չունեմ:
10. Նախկինում ես տառապում էի դեպրեսիայից: Մարդիկ դա չէին նկատում, որովհետև ես անընդհատ ժպտում էի ու կատակում նրանց հետ շփվելիս: Արդյունքում ես ուրախ ու թեթև մարդու տպավորություն էի թողնում, իսկ ներսումս համատարած խավար էր, թախիծ ու անհուսություն:
11. Հատուկ աշխատում եմ տոն օրերին, որպեսզի ստիպված չլինեմ շփվել հարազատներիս հետ: Ինձ համար չափազանց դժվար է նրանց հասարակության մեջ գտնվել, խոսել ապագայի ու կյանքի մասին, դրա համար էլ ես նրանցից խուսափում եմ:
12. Մարդիկ ինձ ծույլ ու ձրիակեր են համարում, քանի որ ես չեմ աշխատում համալսարանս ավարտելու օրվանից սկսած: Նրանք չեն հասկանում, որ ես աշխարհում ամենաշատը ուզում եմ աշխատել, սակայն իմ գլխի չընդհատվող բացասական հոսքը ինձ վախեցնում է, ու ես անգամ հայտարարությունների թերթիկ չեմ լրացնում:
13. Մեկուսացնում եմ ինձ, չեմ բացում իմ պոտենցիալն աշխատավայրում որևէ բանի նկատմամբ հետաքրքրության իսպառ բացակայության պատճառով, ինքնաոչնչացնող կատակներ եմ անում: Հաճախ ասում եմ, որ ծիծաղում եմ, որ չարտասվեմ: Ցավոք, դա ճշմարտություն է:
14. Երբ ես դեպրեսիա ունեի, ինձ զգում էի չարագործ տիկնիկավարի ձեռքերում, ով ինձ շշնջում էր` դու չես կարող ուրախանալ, դու ցանկություններ չունես, ախորժակ չունես, ու ոչ մի տեղ լույսը չես տեսնում: Ասես գողացել էին իմ հոգին: Քանի դեռ ինքդ դա չես ապրել, չես հասկանա: Անգամ վատագույն թշնամուս դա չեմ ցանկանա:
15. Անձամբ ես շատ կուզենայի, որ մարդիկ հասկանային, որ հենց դեպրեսիայի մեջ է թաքնված իմ ծուլության պատճառը, որևէ մեկի հետ չշփվելու, անձնական հիգիենաս արհամարհելու ու ամեն մանրուքի նկատմամբ ոչ ադեկվատ արձագանքելու պատճառը:
16. Մտերիմներիս նկատմամբ չար, ագրեսիվ կամ կոպիտ եմ լինում և ինքս էլ դա չեմ նկատում: Հետո ես գիտակցում եմ իմ արարքներն ու բառերը ու տառապում, որ չարությունս թափում եմ ոչ մի մեղք չունեցող մարդկանց վրա:
17. Ամենապարզ բաներն անգամ` լվացք, կերակուր պատրաստել ու ուտել, չեմ ուզում: Բոլորը մտածում են, որ ես պարզապես ծուլանում եմ:
18. Ամեն օր պայքարում եմ հանձնվելու ցանկության դեմ ու փորձում եմ ապացուցել ինձ, որ ինչ-բան արժեմ:
19. Երբ ես դեպրեսիայի մեջ ինչ-որ մեկին դիմում եմ, ապա միայն այն պատճառով, որ ուզում եմ լսել, որ ես մենակ չեմ, այլ ոչ թե, որ ուշադրության կարիք ունեմ:
20. Ես գրեթե չեմ խոսում մեծ ընկերախմբերում գտնվելիս, հատկապես առաջին ծանոթության ժամանակ: Ես փակվում եմ իմ մեջ տագնապային իրավիճակի ու դեպրեսիայի պատճառով: Մարդիկ մտածում են, որ ես ձևեր եմ թափում ու քիթս ցցում եմ:
Իրականում ես սաևսափելի վախենում եմ, որ նրանց դուր չեմ գա, կամ նրանք ինձ առաջին հայացքից հիմար կամ խելագար կհամարեն…
21. Պլաններս անընդհատ փոխում եմ տագնապային զգացումների պատճառով: Նստում եմ տանը կամ ոչ մի տեղ չեմ գնում: Առավոտյան անկողնուցս դժվարությամբ եմ վեր կենում:
Դա շատ է հոգնեցնում: Աշխատանքի գնալ պատրաստվելը տանջանք է: Առանց այն էլ արդեն 35 տարեկան եմ:
22. Երբեմն ես կարող եմ օրերով ոչ մեկի հետ չխոսել: Մարդիկ մտածում են, որ ես նրանց դիտավորյալ եմ արհամարհում, չնայած իրականում ես պարզապես փակվում եմ իմ մեջ: Ես չեմ ուզում նրանց ինձնից հեռացնել:
Երբեմն շատ դժվար է լինում, երբ ինձ ծանր մտքեր են այցելում, ու ուժ չի լինում անգամ ամենապարզ բաներն անել, որոնք ուրիշներն անդադար անում են ու չեն էլ մտածում այդ մասին:
23. Անհագ հարբեցողություն: Մեծամասնությունը մտածում է, որ ես ուզում եմ լինել ընկերախմբի սիրելին կամ պարզապես սիրում եմ խմել: Շատերը նույնիսկ հիանում են դրանով: Սակայն իմ խնդիրները, ցավոք, ավելի լուրջ են:
24. Դանդաղ եմ պատասխանում: Ուղեղս արգելակում է, և ես չեմ կարողանում արագ պատասխանել հարցերին, հատկապես, երբ հարցնում են, թե ինչ եմ ուզում. Ես ոչինչ չեմ ուզում:
Ես մեկուսանում եմ աշխարհից, քանի որ չեմ ուզում հայտնվել մի իրավիճակում, ուր ես ստիպված պիտի պատասխանեմ: Ես դրանից հոգնում եմ:
25. Ես արթնանում եմ կատարյալ ֆիասկո կրածի զգացմամբ: Ես ամեն առավոտ ինձ պետք է համոզեմ, որ գլուխ եմ հանում իմ աշխատանքից, որ երեխաներս ինձ սիրում են, որ ամուսինս իմ կարիքն ունի… Իսկ եթե ես աշխատանքի չեմ գնում, ամեն ինչ անջատվում է… Ես չեմ կարողանում անգամ շարժվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը