ԱՄՆ-ում հետաքննում են McDonald՚s-ում ավելի քան 100 մարդու ենթադրական թունավորումը
Իլինոյսի եւ Այովայի նահանգների իշխանությունները հետաքննում են ցիկլոսպորոզով տեղացի բնակիչների վարակման դեպքերը, որոնց մի մասը, ենթադրաբար, տեղի է ունեցել McDonald՚s արագ սննդի ռեստորաններ այցելելուց հետո: Այս մասին ասված է այն հայտարարություններում, որոնք հուլիսի 12-ին հրապարակվել են նահանգների առողջապահական վարչությունների կայքերում:
Ինչպես հետեւում է փաստաթղթերից, 90 մարդ հիվանդացել է Իլինոյսում մայիսի կեսերին, 15-ը՝ հարեւան Այովայում հունիսի վերջից: Իլինոյսի իշխանությունները նշում են, որ «կատարված հետաքննության շնորհիվ կապ են բացահայտել սննդի մեջ սալաթների գործածման հետ, որոնք պատրաստվել են McDonald՚s ռեստորանների համար»:
Հայտարարության մեջ ճշտվում է, որ նահանգում «դեպքերի մոտավորապես մեկ քառորդի ժամանակ, որոնց մասին տեղեկատություն է ստացվել», հիվանդանալուց առաջ մարդիկ կերել են հիշյալ սալաթները: Այովայում վարակման բոլոր դեպքերը, ենթադրաբար, կապված են սննդի մեջ սալաթների գործածման հետ: Նահանգների իշխանությունները ճշտել են, որ McDonald՚s-ի ներկայացուցիչները համագործակցում են բժիշկների հետ եւ խոստացել են ճաշացուցակից հանել սալաթները, որոնց մասին խոսվում է:
Դրանք կփոխարինեն այլ մատակարարների համանման ճաշատեսակներով: Վերջին տարիներին ԱՄՆ-ում տեղի են ունեցել ցիկլոսպորոզով վարակման դեպքեր, մասնավորապես, սննդի մեջ բանջարեղենի որոշ տեսակների, ինչպես նաեւ ազնվամորու գործածումից հետո: Իլինոյսի առողջապության վարչության հայտարարության մեջ նշված է, որ ցիկլոսպորոզն «անմիջականորեն չի փոխանցվում մարդուց մարդու»: Ախտանշնները, որպես կանոն, դրսեւորվում են վարակումից հետո մեկ շաբաթ անց Դրանց թվում կարող են լինել փորլուծը, թուլությունը, ախորժակի բացակայությունը, ջերմությունը, սրտխառնոցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: