Բաժիններ՝

«Շրջակա անցուդարձ» ժապավենը պատմում է Կահիրեում ապրող մարդկանց ոչ հեշտ առօրյայի, խնդիրների մասին

Ռոդ Էլ Ֆարագում` Կահիրեի ամենաաղքատ թաղամասերից մեկում, հանապազօրյա հաց հայթայթելը մշտական պայքար է, բայց համայնքի ընդհանուր զգացումն օգնում է բնակիչներին դժվարությունները որոշ չափով հաղթահարել մի գործելակերպի շնորհիվ, որը հայտնի է որպես «ալ Գամիյա» կամ վարկային միություն:

Աջակցությունից ավելի այս ժողովը թե՛ երեխաների, թե՛ մեծերի առօրյա կյանքի անբաժան մասն է: ժողովը ֆիլմում դուռ է ավելի քան վեց տարվա ընթացքում հինգ կերպարների կենսունակության մեջ խորամուխ լինելու համար: Ֆիլմն իր հերոսների աչքերով ու ձայնով վկայված կյանքի հազվագյուտ, մտերմիկ ու իրական դիմանկար է երկաթուղային կայարանի տակ գտնվող մի վայրում, որտեղ անդորրն անծանոթ բան է: Կյանքը հոսում է հանապազօրյա հացի փնտրտուքի և մշտառկա գնացքների աղմուկի միջև:

Կինոնկարն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի վավերագրական մրցույթում: Ֆիլմի մասին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ռեժիսոր Ռիմ Սալեհը:

«Այս ժապավենը ստեղծելու պատճառները շատ անձնական են. մայրս Եգիպտոսից է, հայրս՝ Լիբանանից: Մահանալուց առաջ մայրս խնդրեց իրեն հողին հանձնել Կահիրեում, որտեղ երկար տարիներ չէր եղել: Կահիրեում ինձ չափազանց հուզեց այդ համայնքի ապրելակերպը, մարդկանց հույսը, պայքարելու կարողությունը»,-ասաց նա:

Նրա խոսքով` ինքը փորձել է ցույց տալ համայնքի իրական դիմանկարը, արտահայտել բնակիչների առաքինությունը և ընդգծել մարդկանց՝ միմյանց օգնելու պատրաստակամությունը:

«Մինչ օրս կապ ունեմ հերոսների հետ: Եվ շատ էինք ցանկանում նրանցից մեկի հետ գալ Հայաստան, բայց, ավաղ, անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով նա չկարողացավ միանալ մեզ»,-խոստովանեց ռեժիսորը:

Սալեհը շեշտեց, որ վեց տարի է աշխատել ֆիլմի ստեղծման վրա: «Չեմ ապրում Եգիպտոսում և գնալ գալու խնդրի առաջ էի կանգնում: Կային նաև ֆինանսական և քաղաքական հարցեր, որոնք դանդաղ էին լուծվում»,-պատմեց ռեժիսորը:

Ռիմ Սալեհն ավարտել է Լիբանանի ամերիկյան համալսարանը Բեյրութում` ուսանելով ռադիո, հեռուստատեսություն և կինոարվեստ, ինչպես նաև հոգեբանություն: Կարիերան սկսել է որպես թատրոնի ու կինոյի դերասանուհի` հաղթող ճանաչվելով MTV-ի հեռուստաալիքով (Murr Television) անցկացվող տեղական դերասանական մրցույթում: Նկարահանել է «Անզեն աչք» կարճամետրաժ ֆիլմը, բեմադրել Արթուր Քոփիթի «Թևեր» պիեսը և մասնակցել լիբանանյան MTV-ի և Rotana Enterprise-ի բազմաթիվ վավերագրական ֆիլմերի արտադրությանը: 2006-ին տեղափոխվել է Քաթար՝ «Ալ Ջազիրա» -ի մանկական ալիքում որպես պրոդյուսեր և ձայնավորող աշխատելու, ապա աշխատանքի է անցել Դոհա կինոինստիտուտում, որտեղ իր նպաստն է բերել բազմաթիվ ստեղծագործական նախագծերի` կինովերլուծականներից մինչև տեսանյութեր, և չորս տարի շարունակ եղել է «Աջյալ» ԿՓ-ի փոխնախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս