«Փյունիկ» – «Վարդար». Մարզիչները՝ «Փյունիկի» հաղթանակի մասին
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտին է մոտեցել Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Վարդար» հանդիպումը: Առաջին խաղում 1։0 հաշվով հաղթեց երևանյան ակումբը: Խաղի միակ գոլը 28-րդ րոպեին հեղինակեց Մոհամեդ Կոնատեն։
Երևանյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը խաղից հետո նշում է, որ թիմը շատ մեծ քայլ չի արել: Սա ընդամենը կես քայլ էր: Ըստ գլխավոր մարզչի՝ ինքը դժգոհ է խաղից: Կային շատ չօգտագործված հնարավորություններ, հատկապես՝ երկրորդ խաղակեսում:
Ըստ գլխավոր մարզչի՝ մրցակցի հարկի տակ իրենք պատրաստվում են այլ ֆուտբոլ ցուցադրել: Թիմը պետք է ցույց տա, որ խաղալ գիտի:
«Երկրորդ խաղակեսը այլ կերպ էինք պլանավորել, սակայն ամեն ինչ մեր ուզածով չստացվեց: Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները այնպես չմտան խաղի մեջ, ինչպես պլանավորել էինք»։
Մարզիչը նշում է նաև, որ իրենք նպատակ ունեն նոր մակարդակի հասցնել հայ ֆուտբոլիստներին, սակայն իր համար ֆուտբոլիստի ո՛չ տարիքը, ո՛չ ազգությունը կապ չունի: «Թիմում լինելու են այնքան հայեր, որքան անհրաժեշտ է հաղթանակի համար»:
Խաղի մասին խոսել է նաև մակեդոնական ակումբի գլխավոր մարզիչ Բոբան Բաբունսկին:
Բաբունսկին նշել է, որ իրենք գիտեին, որ խաղը դժվար է լինելու, քանի որ Երևանը ներկայացնող ակումբը ունի լավ պաշտպանություն:
«Շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Դեռ ևս մեկ հանդիպում ենք անցկացնելու և հույս ունենք, որ կկարողանանք այնտեղ հաղթանակ տոնել:
Սեփական հարկի տակ խաղալը մեզ կօգնի: Ամեն ինչ անելու ենք մրցակցի ուժեղ պաշտպանությունը հաղթահարելու համար»:
«Վարդարի» մարզիչը նշում է նաև, որ իր թիմին խանգարեցին եղանակային պայմանները:
Պետք է նախապատրաստված լինեինք և հարմարվեինք նման պայմաններում: Եղանակը դանդաղեցրեց մեր խաղը, հատկապես՝ հարձակման գծում: Բայց, հուսանք, որ մյուս խաղում եղանակը ավելի լավը կլինի:
Նշենք նաև, որ խաղի ընթացքում մակենդոնական թիմի կազմում վնասվածք ստացավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը: Բոբան Բաբունսկին նշում է, որ Բարսեղյանի վնասվածքը լուրջ չէ: Ըստ մարզչի՝ Տիգրան Բարսեղյանը պարզապես շատ էր վազել և հյուծվել էր:
Նշենք նաև, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին, Սկոպեում։
Սիրարփի Աղաբաբյան