Ում գործողությունների հետևանքով է տեղի ունեցել որևէ մեկի սպանությունը. ըստ Սամվել Նիկոյանի՝ սա է առաջնայինը Մարտի 1-ի գործում

«Իմ կարծիքն այդ հարցերում անցած 10 տարիների ընթացքում չի փոխվել՝ դա դատաիրավական համակարգի խնդիրն է, ինքը պետք է որոշի՝ ում հրավիրի հարցաքննության, ում չհրավիրի: Ես չէ, որ պետք է հուշեմ նրանց»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկինում Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրացաքննության հրավիրելու և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրյալ ներգրավելու փաստերը:

Նա հրաժարվեց մեկնաբանել հարցը՝ արդյոք Ռ. Քոչարյանը մտահոգվելու առիթ ունի՞, թե՞ ոչ: Ս.Նիկոյանի պնդմամբ՝ հանձնաժողովի առջև խնդիր դրված չի եղել՝ պարզելու, թե արդյոք բանակը ներգրավվա՞ծ է եղել քաղաքական գործընթացներում, թե՞ ոչ. «Այդ խնդիրն առաջացել է հանձնաժողովի եզրակացությունը կարդալուց մեկ տարի հետո»:

Ըստ նրա՝ իրենց առջև խնդիր է դրվել ստուգել պահեստներից համազգեստների դուրս բերման հանգամանքը, ինչը և արվել է: Ս.Նիկոյանը նշեց, որ իրենց բոլոր նյութերը ԱԺ արխիվում էին, եթե ՀՔԾ-ն չի վերցրել օգտագործելու համար:

Թե ի՞նչ է փոխվել, որ վերաբացվեց Մարտի 1-ի գործը՝ հարցին, Ս.Նիկոյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում հիմա քաղաքական հայտարարություններ անել: Երբ հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտեց, մի անգամ դիմեցինք ԱԺ-ին, երկարացվեց մեր աշխատանքի ժամանակը, դրանից հետո ԱԺ-ին առաջարկվեց մոնիթորինգի խումբ ստեղծել, որը պետք է հետևեր բոլոր ժամանակներում Մարտի 1-ի հետ կապված բոլոր խնդիրների պարզաբանումը: Ոչ թե ստեղծվեց մոնիթորինգի խումբ, այլ այդ պարտականությունը դրվեց պետաիրավական հանձնաժողովի վրա, որը ինչ-որ ժամանակ հետևում էր այդ գործընթացին, եզրակացությունը կարդաց և դադարեցրեց դա»:

Ս.Նիկոյանի խոսքով՝ հանձնաժողովը գտնում էր, որ եթե որևէ երկրում որևէ փորձագիտական խումբ կամ տեխնոլոգիա կա, որը կարող է պարզաբանել, նույնականացում իրականացնել «չերյոմուխայի» նկատմամբ, որովհետև այդ զենքն ու գնդակները պահպանվում են, ապա դա կլինի ճանապարհներից մեկը, որը կարող է ամենակարևոր հարցի պատասխանը տալ՝ ում գործողությունների հետևանքով է տեղի ունեցել որևէ մեկի սպանությունը: Ըստ նրա՝ այդ հարցն այսօր կարծես երկրորդ պլան է մղվել, բայց իր կարծիքով՝ դա է առաջնայինը՝ իմանալ ում գործողությունների հետևանքով են զոհեր եղել:

Պատգամավորն ընդգծեց, որ բոլորի ցանկությունն է, որ Մարտի 1-ի գործը բացահայտվի, հայտնի դառնան սպանությունների մեղավորները, դատաիրավական համակարգը գնահատական տա. «Ես ձեզ հետ միասին անհամբեր կսպասեմ այդ աշխատանքների ավարտին»:

Տեսանյութեր

Լրահոս