Արհամարհված ՄԺԾԾ-ն
ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։ Կառավարության նիստի ուղիղ հեռարձակմանը հետևողները դրա մասին չիմացան, որովհետև այդ մասին չխոսվեց։ Իսկ Զանգվածային լրատվամիջոցներն (ԶԼՄ) ու փորձագետները դրա մասին չգրեցին ու չխոսեցին։ Խոսքը Հայաստանի Հանրապետության 2019-2021 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մասին է։
\ՄԺԾԾ-ն Կառավարության նպատակների իրագործման հիմնական գործիքներից մեկն է: Հարկաբյուջետային քաղաքականությունը ներկայացնող ավելի քան 800 էջանոց այս փաստաթուղթը, ոլորտների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հետ միասին, կազմում է Կառավարության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական բովանդակությունը: Պարզ ասած, ՄԺԾԾ-ն առաջիկա 3 տարիների ընթացքում երկրի տնտեսական քաղաքականության պլանն է, որտեղ կան նախկին արդյունքների, ներկա իրավիճակի վերլուծություններ, կանխատեսումներ և այլն։ Այսինքն, շատ կարևոր մի փաստաթուղթ, որը հստակ ուղենիշներ ու գերակայություններ է սահմանում։
Այնտեղ կանխատեսվում է, թե որքան է լինելու տնտեսական աճը՝ 2019-2021 թվականներին, որքան հարկեր են հավաքագրվելու, ինչ ուղղություններով են ծախսվելու, հարկաբյուջետային քաղաքականությունն ինչ կանոններով է աշխատելու, և այլն։
ՄԺԾԾ-ում, օրինակ, նշված է, որ 2019 թվականին տնտեսական աճը կկազմի 5.3%, 2020 թվականին՝ 5.5%, 2021 թվականին՝ 5.6%։ Անգամ առանձին ոլորտների մասով կանխատեսումներ կան՝ որքա՞ն է աճելու այս կամ այն ոլորտը և որքանո՞վ է նպաստելու տնտեսական աճին։ Հարկերի, ներդրումների, պետական պարտքի, զբաղվածության մակարդակի, արտաքին առևտրի և մյուս ուղղություններով նույնպես կան հստակ հաշվարկներ և կանխատեսումներ։
Հիմա շատերի մոտ հարց կառաջանա՝ ինչպե՞ս է նոր կառավարությունը նման փաստաթուղթ հաստատել, եթե ՀՀ կառավարության ծրագրում ձևի համար ոչ մի թվային թիրախ և ոչ մի կանխատեսում չկար։
Բանն այն է, որ այս ՄԺԾԾ-ն մշակել և հրապարակել է դեռ նախորդ կառավարությունը։
Այսպես, ՀՀ 2019-2021թթ. ՄԺԾԾ-ի մշակման գործընթացը կանոնակարգվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 1559-Ա որոշմամբ սահմանված ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված մեթոդական ցուցումներով:
Միջնաժակմետ ծախսերի ծրագրի հիմքում ընկած է նախորդ կառավարության կողմից առաջ քաշված կարևոր փոփոխությունը. նախագծվել է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը համահունչ կլինի տնտեսագիտության մեջ հայտնի «ոսկյա կանոնին» (պետական պարտքի և կապիտալ ծախսերի հետ կապված): Նախորդ կառավարությունը համոզված էր, որ սա այն քաղաքականությունն է, որը թույլ կտա պարտքի կայունության ապահովման սահմանափակման պայմաններում իրականացնել հարկաբյուջետային կոնսոլիդացիա` միաժամանակ հիմքեր ստեղծելով հեռանկարային տնտեսական աճի համար:
Հիմա էլ կարող եք հարցնել՝ ինչո՞ւ է նոր կառավարությունն ամբողջությամբ և առանց փոփոխությունների ընդունել նախկին կառավարության ծրագիրը։ Կարճ պատասխանենք՝ այլ տարբերակ չկար։ Առանց ՄԺԾԾ-ի՝ հնարավոր չէ առաջ շարժվել, մյուս կողմից էլ՝ անհնար էր կարճ ժամանակում նման լուրջ ու ծավալուն փաստաթուղթ մշակել։
Սակայն մինչ այդ պետք է նկատի ունենալ, որ հնարավոր չէ հասարակական կյանքի ընթացքը կանգնեցնել, նոր ծրագրերի քննարկում նախաձեռնել և դրանց ընդունումից հետո միայն շարունակել այդ ընթացքը: Պետության արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարումը և նոր ծրագրերով տնտեսական զարգացման ապահովումը պետք է դիտարկվեն՝ որպես միմյանց լրացնող գործընթացներ:
Ընդ որում, այդ մասին բաց և անկեղծ նշված է ՄԺԾԾ-ի ներածական մասում։ Սկզբից նշվում է, որ հեղափոխության գաղափարների իրագործումն ինքնին հանգեցնելու է տնտեսական զարգացման, սակայն հաջորդիվ ավելացվում է, որ դեռևս 2017 թվականի դեկտեմբերին սկսված բյուջետային գործընթացի շրջանակում մշակված 2019-2021թթ. ժամանակահատվածի բյուջետային շրջանակը՝ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, այս պահին տեխնիկապես այլընտրանք չունի:
«Այս առումով, կարևոր է ընդգծել որ 2019-2021թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման գործընթացը սկսվել է քաղաքական մի վիճակում և ավարտվում է մեկ այլ իրավիճակում։ Այն, ըստ էության, դեռևս չի արտացոլում ժողովրդական հեղափոխությամբ պայմանավորված նոր տնտեսական իրողությունները։
Հասկանալի պատճառներով՝ որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի իրատեսական գնահատելով օբյեկտիվ իրավիճակը՝ ծրագրում արտահայտել այսօր առկա նոր քաղաքական իրավիճակը, դրանից բխող մեր պետական, ժողովրդական և համազգային նպատակադրումները՝ ունենալու ոչ միայն իրատեսական, այլև ՀՀ քաղաքացու կյանքի որակի զգալիորեն ավելի բարձր շեմ ապահովող և դրա աճի բարձր տեմպի նախադրյալներ ստեղծող պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր և տարեկան պետական բյուջե»,- նշված է ՄԺԾԾ ներածության մեջ։
Սա նշանակում է հետևյալը. այս պահին պարզապես ընդունում ենք միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ զուտ այն պատճառով, որովհետև այդպես է պետք, բայց հետո այն կփոփոխենք։ «Տնտեսական զարգացման քաղաքականությունը կմշակվի բոլոր շահագրգիռ և կարող ուժերի ներգրավմամբ, ինչպես նաև լավագույնս կօգտագործվեն ժամանակակից աշխարհում կուտակված հսկայածավալ գիտելիքն ու փորձը՝ նպատակ ունենալով լայն հանրային քննարկումների արդյունքում ձևավորել տնտեսական քաղաքականության նոր մոդել»,- նշված է ներածականում։
Ավելին, նաև կոնկրետ օրինակ է բերված։
«Թեպետև միջնաժամկետ ծախսերի ծրագրում 2019 թվականին 2018 թվականի հետ համեմատած կանխատեսվում է հարկեր/ՀՆԱ ցուցանիշի ընդամենը 0.4 տոկոսային կետով բարելավում (այն կկազմի 21 տոկոս) և անվանական հարկերի 143.5 մլրդ դրամով աճ, այնուհանդերձ, պետք է ամրագրել, որ քաղաքական նոր իրողությունն այլ գործողություններ և այլ ցուցանիշներ է պարտավորեցնում։ Այս առումով, պետք է նկատել, որ ծրագրում ամրագրված են մինչև քաղաքական փոփոխությունները արձանագրված վիճակագրական տվյալների կիրառմամբ տնտեսագիտորեն հիմնավորված կանխատեսումների հենքի վրա կառուցված բյուջետային ցուցանիշները, ինչը տրամաբանորեն չէր կարող արտացոլել քաղաքական փոփոխությունների ազդեցություններն առնվազն երկու պատճառով.
1) այդ ազդեցությունները դեռևս շարունակվում են, և 2) դրանց չափը դեռևս հայտնի չէ։ Այլ կերպ ասած, ՀՀ-ում քաղաքական փոփոխությունները ավելի կիմաստավորվեն, երբ դրանց արդյունքները կդառնան չափելի, և հնարավոր կլինի դրանք ուղղակիորեն ծառայեցնել երկրի հզորացմանը, ինչը ՄԺԾԾ տեսակետից կարելի է դիտարկել՝ որպես հնարավորությունների ընդլայնմանը նպաստող գործոն»,- կարող եք կարդալ նշված հատվածում:
Իհարկե, այս ամենը բնական է և հասկանալի։ Կան, իհարկե, որոշ կիքսեր, որոնք թույլ են տրվել ՄԺԾԾ-ն նոր քաղաքական իրավիճակին հարմարեցնելու արդյունքում։ Ասենք, ՄԺԾԾ-ում նշված է՝ «Ընդունելով կայուն հարկաբյուջետային քաղաքականության անհրաժեշտությունը՝ Կառավարությունը ՀՀ 2019-2021թթ. ՄԺԾԾ-ի մշակման ընթացքում առաջնորդվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018 թվականի հունիսին հավանության արժանացած Կառավարության գործունեության ծրագրով»: Թեպետ, ինչպես ասացինք, ծրագիրը մշակվել է դեռ նախորդ կառավարության կողմից։
Ավելին, որոշ աղյուսակներում 2017 թվականի ՀՆԱ-ի աճի ցուցանիշը նշված է՝ որպես կանխատեսում, մինչդեռ փաստացի աճը վաղուց արդեն հայտնի է։ Այսինքն, ծրագիրը մշակվել է, երբ պաշտոնական վիճակագրությունը դեռ չէր ամփոփել 2017 թվականի վերջնական տվյալները։
Սակայն սրանք մանրուքներ են։ Խնդիրն այլ է։ Ինչպես նշեցինք, ՄԺԾԾ-ն կառավարության նիստում չքննարկվեց, չնայած օրակարգում կար (կետ 38)։ Ինչո՞ւ։ Որովհետև այս հարցը դասակարգվել էր՝ որպես չզեկուցվող։ Իսկ դա շատ տարօրինակ է. ՄԺԾԾ-ն շատ ավելի կարևոր հարց է, քան կառավարության նվեր ստացած գրքերի թեման, որին բավականին ժամանակ հատկացվեց։
Միակ բացատրությունն այն է, որ նոր կառավարության անդամները զուտ մարդկայնորեն «դիսկոմֆորտ» են զգացել, որ ստիպված պետք է ընդունեն նախկինների ծրագիրը։ Սակայն կարելի էր բաց խոսել այդ մասին և ներածական մասում տեղ գտած մտքերը ներկայացնել հանրությանը։ Իսկ այսպես տպավորություն է ստեղծվում, որ նպատակ է եղել հնարավորինս անաղմուկ «սղղացնել» այս հարցը։ Դա, համաձայնեք, այնքան էլ ճիշտ մոտեցում չէ։