Խորվաթիա-Անգլիա. Ո՞վ կմիանա Ֆրանսիային
Այսօր կորոշվի Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցը: Ֆրանսիայի հավաքականը, որ երեկ 1։0 հաշվով հաղթեց Բելգիային սպասում է իր մրցակցին:
Խորվաթները բավականին դժվարությամբ հայտնվեցին լավագույն քառյակում: Մառախլապատ Ալբիոնի ներկայացուցիչներին 1/2 եզրափակչում հայտնվելը ավելի հեշտ տրվեց:
Խորվաթիա
Խորվաթիան մրցաշարը սկսեց Նիգերիայի հետ խաղով և տրամաբանորեն վաստակեց 3 միավոր: Ակնհայտ առավելություն Խորվաթիայի հավաքականը չուներ, սակայն ավելի մեծ վարպետությունն արեց իր գործը: Իհարկե, Էտեբոյի ինքնագոլը ևս զգալիորեն հեշտացրեց խորվաթների գործը: Հաջորդը Արգենտինայի հետ խաղն էր, որտեղ խորվաթները անկացրեցին երևի թե իրենց լավագույն խաղը այս առաջնությունում՝ 3 գոլ ուղարկելով ֆավորիտ համարվող արգենտինացիների դարպասը: Վերջին տուրում Խորվաթիան խաղաց երկրորդ կազմով, սակայն կարողացավ հաղթել Իսլանդիային 2:1 հաշվով:
Փլեյ-օֆֆ փուլի երկու խաղերում էլ Խորվաթիայի ընտրանին ոչ-ոքի խաղաց Դանիայի հետ՝ 0:0 և 2:2՝ Ռուաստանի հավաքականի հետ:
Առաջին անգամ Խորվաթիան լավագույն եռյակում էր 1998-ին: Կիսաեզրափակչում խորվաթները պարտվեցին Ֆրանսիային` 1:2, իսկ երրորդ տեղի համար պայքարում հաղթեց Հոլանդիային՝ նույն 1:2 հաշվով:
Անգլիայի հետ խաղում հարցականի տակ է միայն Շիմյե Վրսալկոյի մասնակցությունը:
Մինչ այս խաղը լուրեր էին տարածվել, որ Խորվաթիայի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստ Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի՝ Ռուսաստանի հետ հանդիպումից հետո (2:2, 4:3՝ 11-մետրանոցներով) տեղափոխվել են հիվանդանոց:
Նրանց հիվանդանոց են տեղափոխել Խորվաթիայի հավաքականի բժշկական անձնակազմի հորդորով: Երկուսի մոտ էլ առկա էր հեմատոմա: Ըստ հավաքականի բժիշկների՝ հետազոտությունները նրա համար են, որպեսզի պարզ դառնա, որ ֆուտբոլիստները չունեն լուրջ վնասվածքներ:
Խորվաթիայի հավաքականի բժիշկները չեն տվել կոնկրետ ֆուտբոլիստների անուններ, սակայն, ըստ հավաքականին մոտ կանգնած աղբյուրների՝ հիվանդանոց են տեղափոխվել Մարիո Մանջուկիչը և Իվան Ստրինիչը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց մոտ ամեն ինչ կարգին է:
Անգլիա
Առաջին երկու հանդիպումներում Անգլիայի գրանցած արդյունքները հերքեցին բազմաթիվ քննադատների կանխատեսումները: Երկար ժամանակ անց անգլիացիները վերջապես կարողացան առանց հարցերի դուրս գալ խմբից: Բայց ավելի կարևոր է այն գեղեցիկ և վառ խաղը, որ ցուցադրում է Անգլիան: Այսպիսի Անգլիայի հավաքական երկար ժամանակ ոչ ոք չէր տեսել:
Հարկ է նշել, որ վերջին ժամանակներում Անգլիայի հավաքականն Աշխարհի առաջնության խմբի առաջին հորիզոնականում նույնպես հայտնվել է ոչ հաճախ:
Վերջին անգամ Անգլիան աշխարհի առաջնության լավագույն քառյակում է եղել 1990 թվականին: Այդ ժամանակ Անգլիայի ընտրանին կիսաեզրափակչում պարտվեց Գերմանիային՝ 11 մետրանոց հարվածներով, իսկ 3-րդ տեղի համար պայքարում զիջեց Իտալիային՝ 1:2 հաշվով:
Այս խաղից առաջ Անգլիայի հավաքականում հարցականի տակ է միայն Ջորդան Հենդերսոնի մասնակցությունը:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
• Խորվաթիայի հավաքականի վերջին 4 խաղերում և Անգլիայի հավաքականի վերջին 3 խաղերում առաջին խաղակեսում հաշիվը չի բացվել
• Խորվաթիայի ազգային հավաքականը չի պարտվում արդեն 9 խաղ անընդմեջ
• Անգլիայի հավաքականը հաղթել է վերջին 9 խաղերից 7-ում
• Այս հավաքականների միջև կայացած վերջին 5 խաղերը չեն ավարտվել ոչ-ոքի արդյունքով
• Վերջին անգամ այս թիմերը հանդիպել են 2010 թվականի Աշխարհի առաջնության որոկավորման փուլում: Երկու խաղում Անգլիան հաղթեց ընդհանուր 9:2 հաշվով
• Խորվաթիայի հավաքականը գոլ է բաց թողել վերջին 3 խաղերում
• Այս Մունդիալում Անգլիան խփել է արդեն 11 գոլ
Անգլիայի հավաքականը առավելություն ունի հակառակորդի նկատմամբ, քանի որ փլեյ-օֆֆի երկու խաղերում էլ խորվաթ ֆուտբոլիստները խաղադաշտում անցկացրել են 120 րոպե:
Անգլիան այս աշխարհի առաջնությունում ֆենոմենալ ֆուտբոլ չի ցուցադրում, բայց արդեն հասել է կիսաեզրափակիչ: Սաութգեյթի թիմը երիտասարդ է, բայց բավականաչափ փորձառու է, կարող է հասնել լավ արդյունքների: Մնում է միայն, որ այս խաղում ևս անգլիացիները ցուցադրեն այնպիսի ֆուտբոլ, ինչպես առաջին երկու խաղերում: Մասնագետները կարծում են, որ Խորվաթիայի հավաքականը ևս պատրաստվում է խաղալ ակտիվ և հարձակվողական ֆուտբոլ:
Սիրարփի Աղաբաբյան