Բիզնես Արմենիան 2018-ին դեպի Հայաստան 35 միլիոն դոլարից ավելի ներդրում է ակնկալում
Ներդրումների ներգրավմամբ և արտահանման խթանմամբ զբաղվող Բիզնես Արմենիան 2018 թվականին 35 միլիոն դոլարից ավելի ներդրում է ակնկալում Հայաստանում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտարարեց կառույցի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«Այս պահի դրությամբ արդեն 15.2 միլիոն դոլարի ներդրման ակնկալիք ունենք: Այսինքն, արվել է որոշակի քայլ, որ այդ ներդրումները կատարվելու են»,- ասաց պաշտոնյան: Ներդրումները կբաշխվեն թեթև արդյունաբերության (5.7 միլիոն դոլար), օծանելիքի (500 հազար դոլար), խոհանոցային պարագաների ու այլ սարքավորումների (1 միլիոն դոլար), բուսական յուղերի և հավելումների (3 միլիոն դոլար), հանքային ջրերի (5 միլիոն) արտադրության ոլորտներում: 2018 թվականի երկրորդ կեսի համար էլ ակնկալվում է 20.2 միլիոն դոլարի ներդրում:
Ինչ վերաբերում է նախորդ տարի կառույցի միջոցով դեպի Հայաստան ներդրումների ներգրավմանը, ապա 15 միլիոն դոլարից առյուծի բաժինը՝ 12 միլիոնն ուղղվել է ռազմարդյունաբերությանը, մնացածը բաշխվել՝ ոսկերչության, արծաթյա զարդերի, թեթև արդյունաբերության, թղթի և սննդի վերամշակման ոլորտներին:
«2017-ին 2 միլիոն 955 հազար դոլարի էլ վերաներդրում է կատարվել Հայաստանում: Արտասահմանյան ընկերությունը շահույթը ոչ թե բաշխել է ու տարել երկրից, այլ վերաներդում է կատարել այստեղ»,-ասաց Բիզնես Արմենիայի տնօրենը: Վերաներդրումներ կատարվել են դեղագործության, գյուղատնտեսության և հանքային ջրերի արտադրության ճյուղերում:
Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ իրենք ներդրողների հետ ունեն մտերիմ ու փոխվստահելիության վրա հիմնված հարաբերություններ: Հարգում են ներդրողների կողմից որևէ տեղեկատվություն գաղտնի պահելու ցանկությունը: «Մենք ներդրողներին հարցնում ենք նրանց 10 տարվա տեսլականի մասին, նրանք պետք է կարողանան մեզ հետ բաց ու թափանցիկ խոսել, որ մենք էլ կարողանանք բաց ու թափանցիկ ծառայություն մատուցել»,-ասաց Բիզնես Արմենիայի ղեկավարը՝ հավելելով, որ իրենց վերջնական նպատակը ՀՆԱ աճն է արտասահմանյան ներդրումների միջոցով: