Էդմոն Մարուքյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին
«Երևան քաղաքը հանրապետության մոտ 60% տնտեսությունն է և ակնհայտ էր, որ նոր իրողությունների լույսի ներքո, և նաև թիմային՝ այստեղ խնդիր կա, որ մի թիմ գնացել է, մի ուրիշ թիմ եկել է իշխանության և ոչ միայն Տարոն Մարգարյանն է, բազմաթիվ տեղերում բազմաթիվ մարդիկ հրաժարական են տալիս, և Տարոն Մարգարյանն այդ տրամաբանության մեջ հրաժարական է տվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականին:
Ըստ նրա՝ որևէ մեկի հրաժարականը չի կարող չարաշահումները կոծկելու պատճառ լինել, և իրավապահները կզբաղվեն չարաշահումներով:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նոր քաղաքապետի թեկնածուի հարց «Ելքը» դեռ չի քննարկել:
Հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազը նույնպե՞ս հրաժարական կտա, Է.Մարուքյանը պատասխանեց, որ թիմային աշխատանքի քաղաքական տրամաբանություն գոյություն ունի.
«Մարդիկ կան, որ տեղավորվել են նոր տրամաբանության մեջ, աշխատում են, մարդիկ կան դեռևս իներցիայի մեջ են, չգիտեն, որ բան է փոխվել»: