Հայկ Գրիգորյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակել Հայկ Գրիգորյանին: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որն ընդունվեց միաձայն:
Վարչապետը շնորհավորեց ՀՀ քննչական կոմիտեի նոր նախագահին պատասխանատու պաշտոնի անցնելու առիթով. «Շնորհավորում ենք պատասխանատու կարգավիճակի կապակցությամբ, Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է ու ուզում եմ ընդգծել, որ այդ բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքներն ու օրինականության մյուս երեսը:
Մենք պետք է 100 տոկոսով ապահովենք օրինականությունը, ես հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն հենց այս տրամաբանությամբ կգործի»,- ասաց վարչապետը:
Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահն էլ շնորհակալություն հայտնեց՝ վստահության համար.
«Վստահեցնում եմ, որ բռունցքով ձեր վստահությունը արդարացնելու ենք, որևէ կաշկանդվածություն չունենք մեր լիազորությունների իրականացման մեջ»: