Ֆրանսիա-Բելգիա. Առաջնության ամենավառ հավաքականների պայքարը
Ֆրանսիան և Բելգիան այս աշխարհի առաջնության երկու ամենավառ թիմերն են: Երկու թիմերն էլ ցույց են տալիս լավ և հզոր խաղ և համարվում են ոսկե մեդալների հիմնական հավակնորդները: Ինչպիսի՞ն կլինի երկու հավակնորդների հանդիպումը:
Բելգիայի ազգային հավաքականն իր խաղով հիացնում է երկրպագուներին ամբողջ աշխարհից: Թիմն արդեն իսկ մեկ քայլ է հետ եզրափակիչ փուլից: Կկարողանա՞ Ֆրանսիան կանգնեցնել «կարմիր սատանաներին»:
Ֆրանսիա
Ֆրանսիան հաջողությամբ հաղթահարեց սերնդափոխությունը, որի կարիքը կար 2010-2012 թվականներից հետո: Դիդյե Դեշամը կոմպետենտ մոտեցում ցուցաբերեց նոր թիմի կառուցման գործում՝ կարողանալով ստեղծել իսկապես մրցունակ և ուժեղ հավաքական:
Ֆրանսիացիներն առանձնանում են և՛ անհատական վարպետությամբ, և՛ հիանալի թիմային խաղով: Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ բավականին արժանի խաղով և արժանի մրցակիցներին դուրս թողնելով:
Կիսաեզրափակչի ճանապարհին ֆրանսիացիները կարողացան հաղթել 5 խաղից 4-ում: Ֆրանսիայի ազգային հավաքականը, որ կարողացավ վստահորեն հաղթել ֆավորիտներից մեկին՝ Արգենտինայի հավաքականին, խմբային փուլում հզոր հավաքականի տեսք չուներ: Ֆրանսիացիները կարողացան 2:1 հաշվով հաղթել Ավստրալիայի ընտրանուն, երկրորդ խաղում նվազագույն հաշվով հաղթեցին պերուացիներին: Երրորդ խաղը շատ ձանձրալի ստացվեց. Արդյունքում՝ ոչ-ոքի Դանիայի հետ: 1/8 եզրափակչում ֆրանսիացիները կերպարանափոխվեցին: Դիդյե Դեշամի սաներն ունեցան մի շարք վտանգավոր պահեր, որոնց կեսն օգտագործելն էլ բավարար էր Արգենտինային հետագա պայքարից դուրս թողնելու համար: Ֆրանսիացիները վտահությամբ հաղթեցին նաև Ուրուգվայի հավաքականին:
Վերջին 6 Աշխարհի առաջնություններում Ֆրանսիան արդեն 3-րդ անգամ է խաղում կիսաեզրափակչում: Այս 3 դեպքերից 2-ում Ֆրանսիան կարողացել է անցնել եզրափակիչ փուլ: 2006 թվականին կիսաեզրափակչում Ֆրանսիան հաղթեց Պորտուգալիային 1:0 հաշվով, 1998-ին՝ Խորվաթիային՝ 2:1 հաշվով: Հենց 1998 թվականին ֆրանսիացիները դարձան Աշխարհի չեմպիոն:
Բելգիա
Անկասկած, Ֆրանսիան շատ լավ տեսք ուներ այս Աշխարհի առաջնությունում: Բայց բելգիացիները գերազանցեցին նրանց: «Կարմիր սատանաները» կիսաեզրափակչում խաղացող միակ թիմն է, որ հաղթել է բոլոր խաղերում:
Խմբային փուլում բելգիացիները հաղթեցին Թունիսին՝ 5:2. Պանամային՝ 3:0, և Անգլիային՝ 1:0: Փլեյ-օֆֆ փուլում Ռոբերտո Մարտինեսի սաները 3:2 հաշվով հաղթեցի Ճապոնիայի հավաքականին՝ գոլ խփելով վերջին վայրկյաններին: ¼ եզրափակչում Բելգիան կարողացավ հաղթել առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկին՝ Բրազիլիայի հավաքականին՝ 2:0 հաշվով:
Կարելի է վստահորեն պնդել, որ Բրազիլիային հաղթելը դարձավ շատ նշանակալի բոլոր բելգիացիների համար: Նշվում էր, որ Բելգիայի համար 1/4 եզրափակիչ դուրս գալը մեծ արդյունք էր: Սակայն, հաշվի առնելով, թե ինչ կազմ ունի ներկայիս Բելգիայի հավաքականը՝ ¼-ով բավարարվելն առավելագույնը չէ, որ պահանջում են բելգիացիները: Հիմա հերթը կիսաեզրափակչինն է:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- Ֆրանսիայի անպարտելիության շարքը կազմում է 10 խաղ
- Սակայն ֆրանսիացիները գոլ բաց չեն թողել այս 10 խաղերից միայն 4-ում
- Բելգիայի հաղթական շարքը կազմում 7 խաղ
- «Կարմիր սատանաների» անպարտելիության շարքը կազմում է 24 խաղ
- Ֆրանսիան վերջին 5 խաղերում միայն մեկ անգամ է հաղթել Բելգիային:
Բելգիական թիմն այս աշխարհի առաջնությունում փորձում է ցույց տալ գեղեցիկ հարձակողական ֆուտբոլ, բայց ինչն ավելի կարևոր է `Ռոբերտո Մարտինեսի թիմը միաժամանակ շատ արդյունավետ է խաղում: Իսպանացի մասնագետը բացահայտում է իր խաղացողների նոր տաղանդները՝ փոխելով սովորական դիրքերը, թիմը՝ պարզապես ֆիզիկական լավ տվյալներ ունեցող անձանց հավաքածուն դարձնելով հզոր բռունցք, որի դեմ ոչ մի այլ թիմ դեռևս չի հայտնաբերել «հակաթույն»:
Ֆրանսիացիները չեն ձգտում գեղեցկության և շքեղության: Դեշամի համար առաջնահերթն արդյունքներն են:
Երկու թիմերն էլ ¼ եզրափակչից հետո շատ ուժեր են կորցրել: Հիմա հերթը ոչ միայն ֆիզիկական պատրաստվածությանն է, այլ նաև հոգեբանական ամրությանը:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին՝ Երևանի ժամանակով 21:50-ին:
Սիրարփի Աղաբաբյան