Որն է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների «մեխը»
Հայաստանում տարբեր հարթակներում ակտիվորեն քննարկվում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, կուսակցությունները հրապարակում են իրենց առաջարկությունների փաթեթները։ Փոփոխությունների «մեխը», թերևս, ընտրակարգն է՝ համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական (ռեյտինգային), փա՞կ ցուցակներով համամասնական, թե՞ բաց ցուցակներով։
ՀՀ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովն արդեն հայտնել է իր վերջնական դիրքորոշումը՝ ռեյտինգային ընտրակարգը միանշանակ մերժվում է։ Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այն «չարիք» է անվանել՝ իր բոլոր դրսևորումներով։
Ազգային ժողովի աշխատանքային խմբում «կենացները դեռ նոր են քաղցրանում»։ Երեկ «Բարգավաճ Հայաստանի» առաջարկների ներկայացման ժամանակ կրկին ծավալուն քննարկում ընթացավ հենց ընտրակարգի շուրջ։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ իրենք կողմ են 100% փակ համամասնական ընտրակարգին։ «Հայաստանում գործող Ընտրական օրենսգրքով սահմանված համամասնական ընտրակարգն էականորեն շեղված է մաքուր համամասնական ընտրակարգից և հիմքում իրականում ընկած է թաքնված մեծամասնական ընտրակարգը»,- ասաց նա՝ հավելելով, որ 2017թ. ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ նման ընտրակարգով ընտրություններն ուղղակի ապաքաղաքականացվում են, պայքարը գնում է նույն կուսակցության կամ դաշինքի տարածքային թեկնածուների միջև։
Փակ ցուցակների դեպքում, Ս.Բագրատյանի խոսքով, առաջանում է խորհրդարանում մարզերից թեկնածուների ներկայացվածության հարցը, որը կարելի է լուծել քվոտա սահմանելով՝ ցուցակի յուրաքանչյուր վեցյակում կընդգրկվեն մեկական մարզային թեկնածուներ, եթե որևէ մեկը հրաժարվի մանդատից, նրան կփոխարինի նույն մարզից հաջորդ թեկնածուն։
ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ մարզերի բնակչության մեծամասնություն որոշելու հերթականության դեպքում ստացվում է, որ մեծ մարզերից մտնում են խորհրդարան, իսկ փոքրերից՝ ոչ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց, սակայն նշեց, որ կարելի է կիրառել նույն սկզբունքը, ինչ ազգային փոքրամասնությունների դեպքում է՝ մեծ մարզերը գնում են մեծ խմբակցությանը:
Փակ համամասնականին «դեմ» արտահայտվող ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հնարավոր է, որ մի թեկնածուն Լոռու մարզում ավելի ուժեղ է, քան Արմավիրում, Լոռիում նա շատ ձայն կստանա, Արմավիրում՝ չի ստանա, բայց արդյունքում՝ մեծ թվով բնակչություն ունեցող մարզի ներկայացուցիչն է մանդատ ստանում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ այն, ինչ հիմա ուզում են անել, արհեստական լուծում է, և ամենից լավն իրենց առաջարկն է՝ 100% համամասնական, բայց՝ բաց ցուցակներ, որը թույլ կտա, որ ժողովուրդն ինքը որոշի, թե ով է ներկայացնելու իր շահերը խորհրդարանում. «Այսինքն՝ նորից բռնանում ենք, կամ պահանջում ենք ժողովրդից, որ մեր գծած ռամկեքի մեջ որոշում կայացնի։ Ինչի՞ պիտի անձը քիչ ձայն ստանալով՝ մանդատ ստանա։ Մեր առաջարկած բաց ցանկում դա բացառված է»։
Խորհրդարանական հանձնաժողովը որոշեց մի առանձին նիստ նվիրել ընտրակարգի քննարկմանը, նաև արտահերթ խորհրդարանական ուժերին առաջարկություններ ներկայացնելու համար 15 օր ժամանակ սահմանվեց:
Արտախորհրդականներից Հայ ազգային կոնգրեսը, որը ԸՕ նախորդ փոփոխությունների ժամանակ «4+4+4» ձևաչափի քննարկումների ակտիվ մասնակից էր, արդեն վերահաստատել է իր նախկին առաջարկները, այդ թվում՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցման առանցքային պահանջը։
«168 Ժամի» հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ հանրապետականները «ստում» են՝ ասելով, թե ԸՕ-ն իբր ժամանակին ընդունվել էր կոնսենսուսով.
«Նման բան չի եղել։ Մենք դեմ ենք քվեարկել այդ ԸՕ-ին։ Կոնսենսուս եղել է միայն ընտրատեղամասերում օրինականության վերահսկման մեխանիզմների շուրջ, բայց ԸՕ-ն մենք մերժել ենք գլխավորապես հենց ռեյտինգային համակարգի պատճառով, և այն պատճառով, որ ռեյտինգային համակարգին կողմ է եղել միայն ՀՀԿ-ն, իսկ ՀՀ մնացած բոլոր կուսակցությունները մերժել են դա։ Ավելին՝ այն ժամանակ մենք կազմակերպեցինք հանդիպումներ և, բացի ՀՀԿ-ից, բոլոր խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցություններն և հ/կ-ները ստորագրեցին փաստաթուղթ, ըստ որի՝ մենք պահանջում էինք փակ ցուցակներով համամասնական ընտրություններ Հայաստանում։ Այնպես որ, կա ջախջախիչ կոնսենսուս՝ բացի Հանրապետականից, հենց փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի շուրջ։ Հանրապետականները նորից խորամանկում են, ստում են, նորից կիրառում են իրենց սովորական մարտավարությունը»։
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրենք ևս կողմ են պարզ համամասնական ընտրակարգին.
«Ռեյտինգային որևէ ձևախեղումներ, ձևափոխություններ մեզ համար ընդունելի չեն, պետք է լինի պարզ համասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով։ Կան քննարկումներ, որ ռեյտինգային լինի ցուցակի ներսում, բայց դա էլ անընդունելի է, որովհետև նշանակում է՝ նույն ռեյտինգայինն է՝ մի քիչ այլ մոդիֆիկացիաներով։ Կարծում եմ՝ պետք չէ անիմաստ բարդացնել ու խճճել։ Ռետինգայինի դրսևորումները 2017 թ. մենք շատ լավ տեսանք, թե ինչի են հանգեցնում»։ Նա նշեց, որ երեկ արդեն ուղարկել են իրենց առաջարկություններն ԱԺ խմբին, իսկ մինչ այդ դեռ շաբաթներ առաջ հրապարակել են առաջարկների փաթեթը, նաև ուղարկել են վարչապետին կից աշխատանքային խմբին և ՄԱԿ-ի առաքելությանը, որը մեկ շաբաթ առաջ Հայաստանում էր՝ կարիքների գնահատում անելու նպատակով։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք դեռևս 2007-ից են ասել, որ պարզ համամասնական ընտրակարգ պետք է լինի՝ փակ ցուցակներով, ոչ թե բաց, որովհետև Հայաստանում կողմնակի ոչ օրինական ազդեցությունները շատ մեծ են դեռևս.
«Նույնիսկ, եթե լինի մեկ համապետական ցուցակ և լինի բաց, այսինքն՝ ռեյտինգային, և քաղաքացին ընտրի ցուցակից, հավանականությունը շատ մեծ է, որ տարբեր միջոցներով՝ ֆինանսական, վարչական ռեսուրս, կրիմինալ, տեղեկատվական դաշտի ուղղորդում, կարող են խանգարել գործընթացին։ Այս պահին դեռ վաղ է, որ որևէ ձևով ինչ-որ ռեյտինգային տարր լինի»։
Նորաստեղծ Հայաստանի կառուցողական կուսակցության առաջնորդ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ իրենք դեռ կուսակցական նախաձեռնության, մարմինների ձևավորման փուլում են, թիմային դիրքորոշումներն ընդհանուր հայտարարի պետք է բերեն, ներքին ու արտաքին կազմակերպչական գործընթացները մոտակա 10 օրվա մեջ կավարտվեն և, որպես քաղաքական նախաձեռնություն՝ դիրքորոշում կհայտնեն։
«Անձամբ ես գտնում եմ, որ ամենաժողովրդավարական մոտեցումը մեծամասնական համակարգով ընտրություններն են, բայց մեր երկրում կա ստեղծված որոշակի պատմական իրավիճակ, որի պատճառով գոնե այս արտահերթ ընտրություններն անհրաժեշտ է փակ համամասնական եղանակով կազմակերպել»,- ասաց Ա.Ղուկասյանը՝ հավելելով, որ այս հարցում ևս Նիկոլ Փաշինյանի կողքին կլինեն։