«Նորից բռնանում ենք, կամ պահանջում ենք ժողովրդից, որ մեր գծած ռամկեքի մեջ որոշում կայացնի». ԲՀԿ-ն ներկայացրեց ԸՕ վերաբերյալ իր առաջարկները
Հայաստանում գործող Ընտրական օրենսգրքով սահմանված համամասնական ընտրակարգն էականորեն շեղված է մաքուր համամասնական ընտրակարգից և հիմքում իրականում ընկած է թաքնված մեծամասնական ընտրակարգը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների հարցով աշխատանքային խմբի նիստի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկները։
Ըստ նրա՝ 2017-ի ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ նման ընտրակարգով ընտրություններն ուղղակի ապաքաղաքականացվում են, պայքարը գնում է նույն կուսակցության կամ դաշինքի տարածքային թեկնածուների միջև։
«Առաջարկում ենք Ազգային ժողովի հաջորդ ընտրություններն անցկացնել 100% փակ համամասնական ընտրակարգով»,- ասաց Ս.Բագրատյանը՝ հավելելով, որ դա թույլ կտա անկաշառ ընտրություններ իրականացնել, և դրանց քաղաքական նշանակությունը կավելանա։
Ս.Բագրատյանի խոսքով՝ մարզային թեկնածուների ներկայությունն ապահովելու համար ցուցակի յուրաքանչյուր վեցնյակում ընդգրկվեն մեկական մարզային թեկնածուներ, եթե նա հրաժարվի մանդատից, նրան կփոխարինի նույն մարզից հաջորդ թեկնածուն։
ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ մարզերի բնակչության մեծամասնություն որոշելու հերթականության դեպքում ստացվում է, որ մեծ մարզերից մտնում են խորհրդարան, իսկ փոքրերից՝ ոչ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց, սակայն նշեց, որ կարելի է կիրառել նույն սկզբունքը, ինչ ազգային փոքրամասնությունների դեպքում է՝ մեծ մարզերը գնում են մեծ խմբակցությանը:
ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի դիտարկմամբ՝ նման պահանջը կազդի խորհրդարանի որակի վրա։
Ս.Բագրատյանը նշեց, որ ըստ մարզի մեծության՝ կարող են քվոտավորել։
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հնարավոր է, որ մի թեկնածուն Լոռու մարզում ավելի ուժեղ է, քան Արմավիրում, Լոռիում նա շատ ձայն կստանա, Արմավիրում՝ չի ստանա, բայց արդյունքում՝ մեծ թվով բնակչություն ունեցող մարզի ներկայացուցիչն է մանդատ ստանում: Ըստ նրա՝ պետք է առանձին նիստ նվիրել այս թեմայի քննարկմանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ այն, ինչ հիմա ուզում են անել, արհեստական լուծում է, և ամենից լավն իրենց առաջարկն է՝ 100% համամասնական բաց ցուցակներ, որը թույլ կտա, որ ժողովուրդն ինքը որոշի, թե ով է ներկայացնելու իր շահերը խորհրդարանում. «Այսինքն՝ նորից բռնանում ենք, կամ պահանջում ենք ժողովրդից, որ մեր գծած ռամկեքի մեջ որոշում կայացնի։ Ինչի՞ պիտի անձը քիչ ձայն ստանալով՝ մանդատ ստանա։ Մեր առաջարկած բաց ցանկում դա բացառված է»։
ԲՀԿ-ն նաև առաջարկում է հավասար քարոզչական պայմանների ապահովում զորամասերում, Հանրային հեռաուստատեսությամբ ապահովել բանավեճերի կազմակերպումն ու անվճար եթերի ժամանակն ավելացնել։ Ս.Բագրատյանը նշեց, որ առաջարկում են համատիրություններին արգելել իրենց տարածքներում նախընտրական շտաբներ ստեղծել, անվավեր ճանաչել որևէ նշում պարունակող քվեաթերթիկ։
Դ.Հարությունյանը վերջին առաջարկի հետ չհամաձայնեց՝ ասելով, որ ցանկացած փոքր ծալք կամ շեղում կարող է նշում համարվել. «Կյանքը փոքր-ինչ ավելի բազմազան է և, ես կարծում եմ, որ առկա ձևակերպումը ԸՕ-ի այդ հարցի պատասխանը տալիս է՝ ընտրական հանձնաժողովի ցանկացած անդամ, որ կասկածի տակ է դնում քվեաթերթիկի վավերությունը, հարցը քննարկվում է, և դրվում քվեարկության։ Ես կառաջարկեի շարունակել հավատարիմ մնալ այն տեքստին, որ այսօր կա»։
Նիստը համակարգող «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այսօր սպառում են բոլոր ուժերի առաջարկների ներկայացումը և հաջորդ նիստը պետք է կառավարության աշխատանքային խմբի հետ անցկացվի։ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր պետք է մասնակցեր խորհրդարանական խմբի աշխատանքին, սակայն բացակայում էր։ Մարուքյանը նշեց, որ ինքը կխոսի Միրզոյանի հետ, որպեսզի հաջորդ նիստին նա անպայման ներկա լինի։