Բաժիններ՝

Դեղատներում վաճառվող կասկածելի ծագման «Ավելոքս» և «Պուրոքսան» դեղերը Հայաստանում հայտնվել են անօրինական ճանապարհով

Դեղատներում վաճառվող Կասկածելի ծագման «Ավելոքս» եւ «Պուրոքսան» դեղերը Հայաստանում հայտնվել են անօրինական ճանապարհով: «Ավելոքս» դեղը «Բայեր» ֆիրմայի արտադրության է՝ նախատեսված թուրքական շուկայի համար: Իսկ Ադրբեջանի կողմից հաստատված «Պուրոքսանի» դեղամիջոցը չէր կարող օրինական ճանապարհով մուտք գործած լինել Հայաստան:

ԱՆ-ն դիմելու է իրավապահներին՝ պարզելու՝ ինչ ճանապարհով են դրանք հայտնվել հայաստանյան շուկայում:

«Այդ դեղերը Հայաստանում գրանցված նույնանուն դեղերից տարբերվում են թե արտաքին տեսքով, թե արտադրության երկրով եւ թե գրանցման սերիական համարով: Նշված դեղամիջոցներն այս պահին փորձաքննության են ենթարկվում ՀՀ ԱՆ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում»,-ասաց Լիանա Եղիազարյանը:

Կասկածելի ծագման «Ավելոքս» դեղը «Բայեր» ֆիրմայի արտադրության է՝ նախատեսված թուրքական շուկայի համար, ինչը փաստում են նաեւ դեղի տուփի վրայի նշագրումները: Հայաստանում «Ավելոքս» դեղը գրանցված է, սակայն 400 մգ դեղաչափով 5 հաբանոց տուփերի տեսքով: Իսկ անհայտ ծագման «Ավելոքսի» տուփը 7 հաբ է պարունակում, մեզ մոտ գրանցվածից տարբերվում է արտաքին տեսքով, գույնով:

«Պուրոքսանի» ներդիրն ամբողջությամբ ադրբեջաներեն է՝ հաստատված Ադրբեջանի կողմից 2014 թվականին: Այսպիսի արտադրության դեղամիջոցը եւս չէր կարող օրինական ճանապարհով մուտք գործած լինել Հայաստան: Մեր երկրում «Պուրոքսանի» գրանցման ժամկետն ավարտվել է, այն այժմ վերագրանցման փուլում է: Մինչ այժմ այս դեղամիջոցը Հայաստան է ներմուծվել՝ ձեռք բերվելով ուղիղ բելգիական արտադրողից:

Փաթեթի տվյալներով՝ այս դեղերը ժամկետանց չեն:

Մանրամասները փոխանցվել են համապատասխան տեսչական մարմինին՝ հետագա անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Միաժամանակ՝ ԱՆ-ն դիմելու է իրավապահներին՝ պարզելու՝ ինչ ճանապարհով են դրանք հայտնվել հայաստանյան շուկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս