«Իշխանությունն ամեն ինչ կանի, որ այն ծայրահեղ բարձր ռեյտինգը, որ նա ուներ մայիս ամսին, նվազագույն ձևով իջնի». Քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գտնում է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն ընտրությունների ժամանակ չի համագործակցի Ժիրայր Սէֆիլյանի կամ Անդրիաս Ղուկասյանի ղեկավարած ուժերի հետ։ Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ էլ կխոչընդոտի, որ այդ ուժերը հայտնվեն խորհրդարանում։
«Կարծում եմ՝ իշխանական լիդերների համար ավելի շատ «ձեռ կտա», որ նրանք լինեն քաղաքական հարթակում, քան՝ հրապարակում հրապարակային գործունեություն ծավալեն»,- նշեց Կ. Քոչարյանը, ըստ որի, դա էլ է պատճառներից մեկը, որ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմն իջեցվել է։
Նա նաև նկատեց, որ միշտ կա հաղթողի հետևից գնալու հոգեբանություն, «իսկ այս պահին հաղթողը Նիկոլ Փաշինյանն է, դրա համար շատերը նրա հետևից են գնալու»։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ կարծիք հայտնեց, որ իշխանությունն ամեն ինչ կանի, որ այն ծայրահեղ բարձր ռեյտինգը, որ նա ուներ մայիս ամսին, նվազագույն ձևով իջնի. «Գերսպասումներ կան կառավարությունից։ Մենք Սիսիանում տեսանք, որ հարցերի մեծ մասը սոցիալական բնույթի են»։ Նա էլ է վստահ, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի բավականին լավ ցուցանիշով ավարտել ընտրությունները։