Ինչո՞ւ Աստված արդարների կյանքն անփորձանք չի անում. հարց քահանային
– Աստվածաշնչում կարդացել եմ, որ մեղավորների հետ պատահածն արդարների հետ էլ կարող է պատահել: Ինչո՞ւ Աստված արդարների կյանքն անփորձանք չի անում, որպեսզի բոլորը շահագրգռվեն և ձգտեն արդարությանը՝ երջանիկ լինելու համար: Եվ ինչո՞ւ հաճախ շատ չար մարդիկ ապրում են երկար ու երջանիկ, վնասելով արդարներին և անմեղ երեխաներին:
– Իսկապես, Աստված խտրություն չի դնում մարդկանց միջև: Աստված սեր է՝ միմիայն սեր, քանի որ «Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա, անձրև է բերում արդարների և մեղավորների վրա» (Մատթ. 5:45): Սակայն մարդկանցից ո՞վ կարող է իրեն արդար համարել: Արդար է միայն Աստված:
Մենք` բոլորս, մեղավոր մարդիկ ենք և վայրը, որտեղ ապրում ենք մենք, Երկնքի Արքայությունը չէ (Տերունական աղոթքի մեջ խնդրում ենք նրա գալուստը):
Ադարությունը մեզ համար երկու տեսակ է` արտաքին և ներքին: Արտաքին արդարությունը` ընկերային արդարություն է, որը հարաբերական է` պայմանավորված ներկա քաղաքակրթությամբ: Ներքին արդարությունը բաձարձակ արդարություն է, որը պայմանավորված է մարդու ներսում Աստծո արքայության առկայությամբ և Աստծո արդարությամբ, այսինքն` ներքին արդարությունը պայմանավորված է Աստված-մարդ փոխհարաբերությամբ, որտեղ և իրական, հավիտենական երջանկությունն է:
Հարցում առաջադրված արդարների կյանքն անփորձանք դարձնելը և բոլորին շահագրգռելն Աստծո գործելակերպը չէ, ինչը շկնշանակեր պարտադրված անփորձանք կյանք և մարդը այն հեշտությամբ կկորցներ` ինչպես վարվեց հավիտենական կյանքի հետ դրախտում: Այն նաև չէր շահագրգռի մարդկանց ընտրել բարին, երջանկությունը, ինչի մասին խոսում է Տերը «Աղքատ Ղազարոսի և մեծահարուստի» առակում: Աստծո գործելակերպը Խաչի և Հարության ճանապարհն է, որով մարդու փրկության կարելիությունը, հնարավորությունը մուտք գործեց աշխարհ և յուրաքանչյուր անհատ իր ազատ ընտրությամբ կարող է իրագործել իր սեփական փրկությունը, երջանկությունը` միանալով արդարների երամին: Եվ արդարների` սրբերի, ժամանակավոր կյանքը մեզ համար օրինակ է ոչ թէ անփորձանք ապահովությամբ, այլ` պայքարով մասնակցությամբ Հարության հաղթանակին:
Ինչ վերաբերում է չար մարդկանց երկարակեցության ու երջանկության մասին Ձեր հարցին, ապա պետք է ասել, որ բարի մարդ չկա, բարին միայն Աստված է, և մեր այս ժամանակավոր կյանքն էլ արժևորվում է ոչ թե մարդու կյանքի օրերի երկարությամբ և բարեկեցությամբ, քանի որ, ինչպես Տերն է ասում՝ մարդու համար կա մեկ անգամ մեռնել, որից հետո՝ դատաստան (տես՝ Եբր. 9:27), այլ Աստծո Կամքի ընտրությամբ: Եվ յուրաքանչյուր անհատ, քանի դեռ ապրում է, հնարավորություն ունի ապաշխարությամբ արժանանալ մեղքերի թողության և Տիրոջ Մարմնի ու Արյան Հաղորդությամբ ժամանակի մեջ ճաշակել հավիտենական կյանքը:
Օրհնությամբ՝ Տ. Մաշտոց քահանա Բաբայան
qahana.am