«ՀՀԿ-ն պատրաստ է արտահերթ ընտրությունների». Դավիթ Հարությունյան
Հայաստանի հանրապետական կուսակցությունը սկզբունքորեն պատրաստ է 1 տարվա ընթացքում գնալ արտահերթ ընտրությունների։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար, ԱԺ-ում ստեղծված Ընտրական օրենսգրքի աշխատանքային խմբի ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
«Սկզբունքորեն՝ ինչո՞ւ ոչ»,- ասաց Դ.Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, որ կառավարության ծրագրում արտահերթ ընտրությունների ժամկետ է նշված մինչև 1 տարին, արդյո՞ք ՀՀԿ-ն պատրաստ է դրան։
168.am-ի հարցին, թե ի՞նչ կպատասխանի քաղաքական վերլուծաբանների պնդումներին, որ ՀՀԿ-ի վարկանիշն ընկնում է, և հնարավոր է՝ կուսակցությունն ընդհանրապես չհաղթահարի անցողիկ շեմը, Դ.Հարությունյանը պատասխանեց. «Ոչինչ չեմ պատասխանի»։
Ըստ նրա՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրականում անհրաժեշտ են, եթե կա կառավարման ճգնաժամ, օրինակ՝ կառավարության ներկայացրած օրինագծերը բոյկոտվում են խորհրդարանի կողմից, կամ ԱԺ-ն անցկացնում է նախագծեր, որոնց դեմ է կառավարությունը, իսկ ՀՀ-ում այսօր ֆորմալ առումով չկա նման ճգնաժամ, և ընտրությունների անցկացումն առաջին հրատապության խնդիր չէ։ Այնուամենայնիվ, նա չբացառեց նման իրավիճակն ու ճիշտ համարեց ԸՕ-ի փոփոխությունների ուղղությամբ աշխատելը. «Ինչքան ավելի մեծ կոնսենսուս, այնքան արժեքավոր Ընտրական օրենսգիրք, այդքան ավելի վստահելի ընտրությունների արդյունքներ։ Այսինքն՝ այս գործընթացն անիմաստ գործընթաց չէ»։
Անդրադառնալով վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի 2 որոշմանը, որ անցողիկ շեմն իջեցվի 1-ական տոկոսով դաշինքների և կուսակցությունների համար, և կիրառվի փակ համամասնական ընտրակարգ, Դ.Հարությունյանը նշեց, որ փոփոխություններն ինքնանպատակ չպետք է լինեն, և չի կարելի այս կամ այն երկրի փորձից պատառիկներ վերցնել։
Ըստ նրա՝ անցողիկ շեմի իջեցումը պետք է որոշակի նպատակ հետապնդի, խորհրդարանական համակարգերում շատ կարևոր է, որպեսզի լինի կայուն մեծամասնություն, իսկ ընտրական շեմի նվազեցումը հակառակ ուղղությամբ է տանում պրոցեսը. «Պետք է հասկանալ ստրուկտուրան, ինչի համար ենք մենք դա անում: Եթե մենք պլանավորում ենք հրաժարվել խորհրդարանական մոդելից, ես կարող եմ դա հասկանալ, եթե պլանավորում ենք անցում կատարել նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգի, բայց կարծես թե այս պահին նման խնդիր դրված չէ, այդ դեպքում ինձ պետք է հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված այդ առաջարկությունը: Ի վերջո, այլ երկրների փորձ կա։ Կայուն մեծամասնություն ստեղծելու առումով կան բազմաթիվ մոտեցումներ՝ երկրներ կան, որ ընտրական շեմ են բարձրացնում, երկրներ կան, որ բոնուսային համակարգ ունեն, տարբեր մոդելներ կան: Մինչև չհասկանամ առաջարկության նպատակը, դժվար է հընթացս գնահատական տալ»:
Դ.Հարությունյանի խոսքով՝ մեր երկրում դասական քաղաքական դաշտ ստեղծված չէ, կուսակցությունների համակարգը կայացած չէ ու պարզ չէ, թե մենք դրանով խթանո՞ւմ ենք նրանց կայացումը, թե՞ նոր կուսակցությունների ստեղծումն ենք խթանում։ Նա նշեց, որ այդ գաղափարն ընդունելի կլիներ տարիներ շարունակ անփոփոխ կուսակցությունների կազմի դեպքում, երբ պետք է թարմ արյուն մտցնել խորհրդարան. «Առանց դրդապատճառի մտցնել և ներմուծել ինչ-որ գաղափար՝ շատ արհեստական է»:
Դ.Հարությունյանի խորին համոզմամբ՝ ՀՀ-ի ապագան տարածքային բաց ցուցակներով ընտրական մոդելն է, որը ներկայումս գործում է, որն իր ողջ հմայքը ցույց կտար ոչ թե միանգամից, առաջին ընտրության ժամանակ, այլ 1, 2, 3 ընտրական ցիկլերի ընթացքում։ Նա ընդունեց, որ այս համակարգը բացասական տարրեր ունի, հատկապես այն կուսակցությունների համար, որոնք տարածքներում չունեն ստորաբաժանումներ, բայց պետք է բոլոր դրական և բացասական կողմերը համադրել ու գտնել առավել օպտիմալ լուծում. «Բաց ցուցակների նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ կուսակցությունները դառնան փակ կառույցներ, որտեղ կուսակցության վերնախավը՝ նախագահը կամ գործադիր մարմինը, որոշի կուսակցականների հերթականությունը։ Հայաստանում դա վտանգավոր է և երբևէ թույլ չի տա, որ ձևավորվեն իսկապես ժողովրդավարական կուսակցություններ։ Կարծում եմ՝ ժողովուրդը պետք է ազդեցություն ունենա այդ առումով: Երկրորդը՝ Հայաստանի համար ամենավտանգավոր մոտեցումը կլիներ, եթե հատուկ միջոցներ չձեռնարկեինք, որ քաղաքականությունը տեղափոխվի նաև մարզեր, առանց այդ էլ ամեն ինչ գերկենտրոնացրել ենք Երևանում»:
Դ.Հարությունյանը նշեց, որ հնարավոր են միջանկյալ լուծումներ, համամասնականն ունի 100-ից ավելի տարատեսակներ, բայց չի կարելի այս կամ այն երկրից «լավ բաները» վերցնել ու շիլաշփոթ դարձնել. «Եթե էդպես լինի, մեր երկիրը կդառնա ուղղակի աջաբսանդալ, ավելի վատ՝ շատ խայտաբղետ Ընտրական օրենսգիրք»։
Մանրամասները՝ տեսանյութում